Վրաստանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդի տեղեկատվությամբ, Չինաստանից Ֆրանսիայի օգնությամբ տարհանվել է Վրաստանի ևս 2 քաղաքացի: Նրանք 15-օրյա կարանտինը կանցնեն Ֆրանսիայում: Մինչ այդ տարհանվել էր Վրաստանի երեք քաղաքացի, որոնք Թուրքիայում կարանտինի շրջանում հատուկ հետազոտություններ են անցնում:
Նախարարության ներկայացուցչի խոսքով, այս պահին Չինաստանի Վուհան քաղաքում, որտեղից էլ սկսել է տարածվել կորոնավիրուսը, սեփական որոշմամբ գտնվում է Վրաստանի 3 քաղաքացի:
Վերջինները վրացական հեռուստաընկերությունների հետ հարցազրույցներում նախապես հայտնել էին, որ չեն պատրաստվում վերադառնալ Վրաստան այս փուլում՝ հաշվի առնելով, տարհանման ընթացքում վարակվելու հնարավորությունը: Նրանք հայտնել էին, որ տանն ավելի ապահով են զգում իրենց:
Ի սկզբանե Վուհանում եղել է Վրաստանի 10 քաղաքացի, վիրուսի տարածումից հետո նրանց մի մասն ավելի վաղ է լքել Չինաստանը: Վրաստանի դեսպանատունը կապ է պահպանում նաև Չինաստանում գտնվող մնացած 200 քաղաքացիների հետ:
Հիշեցնենք, այս պահի դրությամբ Չինաստանի տարածքում դեկտեմբերին հայտնաբերված կորոնավիրուսի վարակից գրանցվել է 250 մահ, ողջ աշխարհի մասշտաբով վարակվածների թիվը հասել է 14 570-ի: