Վրաստանի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը տարածել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի կոնդակը 2008 թվականի օգոստոսյան պատերազմի 15-րդ տարելիցի կապակցությամբ։
«15 տարի է անցել օգոստոսյան պատերազմից, որից հետո Վրաստանի տարածքի ավելի քան 20 տոկոսն օկուպացրել է Ռուսաստանը։
Մենք բազմիցս հայտարարել ենք միջազգային մակարդակով և նորից կկրկնեմ, որ և՛ Ցխինվալիի տարածաշրջանը, և՛ Աբխազիան մեր բնիկ հողն են և անբաժանելի մասը։ Մեր հայրենիքն անպայման կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը, գլխավորը Արարչի հանդեպ առաքինի լինելն է, Նրա ողորմածությանը արժանանալը»,- ասված է պատրիարքի կոնդակում։
Ի դեպ, երեկ լրացավ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 15-րդ տարին: 2008 թվականի ամռանը Ցխինվալիի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ:
Վրաստանի քաղհասարակության, ընդդիմադիր գործիչների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների պնդմամբ՝ Ռուսաստանը Վրաստանի վրա հարձակվել է օգոստոսի 7-ին, իսկ իշխանությունը հարձակման օր է համարում օգոստոսի 8-ը, ինչը, ըստ ընդդիմադիրների՝ ռուսական պրոպագանդա է Վրաստանին պատերազմն սկսելու մեղավոր համարելու ձգտմամբ:
Ուշագրավ է, որ բացի Վրաստանի արտաքին գործերի նախարարարությունից, մյուս պետական կառույցները սոցցանցերում իրենց էջերի լուսանկարները փոխարինել են «Օգոստոսի 8» լուսանկարով, իսկ ԱԳՆ-ն պատերազմի վերաբերյալ հայտարարությունը տարածել էր օգոստոսի 7-ին:
Երեկ՝ օգոստոսի 7-ին, պատերազմի վերաբերյալ հայտարարություններ են արել Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, Վրաստանում Ամերիկայի դեսպանատունը և այլք: