
Վրաստանի ՆԳՆ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին հանդիպել է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին:
«Ես հանդիպել եմ պատրիարքին, մենք խոսել ենք բանտում անցկացրածս ժամանակահատվածի մասին: Նա ինձ առողջություն ու կայունություն է մաղթել»,- հայտարարել է Վանո Մերաբիշվիլին:
Նշենք՝ օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում Իլիա Երկրորդի հետ լուսանկար էր հրապարակել նաև ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գրիգոլ Վաշաձեն:
Վրացական մամուլը քաղաքական գործիչների՝ Իլիա Երկրորդի հետ հանդիպումները կապում է նախընտրական քարոզարշավի հետ: Թեև հիշեցնենք՝ Վանո Մերաբիշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում խորհրդարանի պատգամավոր դառնալ կամ որևէ պաշտոն զբաղեցնել իշխանությունում: