Վրաստանի կառավարությունը սխալմամբ կարծում էր, որ իր քաղաքացիների դեմոկրատական նկրտումների մերժումը չի ազդի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վրա, հայտարարել են ԱՄՆ սենատորներ Ջիմ Ռիշը և Ջին Շահինը:
Սենատորները համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանի կառավարությանը ԱՄՆ-ի կողմից ավելի քան 95 միլիոն դոլարի ուղղակի օգնությունը կասեցնելու վերաբերյալ։
«Մենք ողջունում ենք Վրաստանին երկկողմ օգնությունը դադարեցնելու մասին հայտարարությունը՝ ի պատասխան օտարերկրյա գործակալների մասին օրենքը կիրարկելու Վրաստանի կառավարության որոշման, որը կօգտագործվի ազատ և ժողովրդավարական ապագայի համար պայքարող քաղաքացիական հասարակությանը և իրավապաշտպան կազմակերպություններին հետապնդելու համար»,- նշել են սենատորները:
Ըստ հայտարարության՝ 1991 թվականից ի վեր, երբ Վրաստանը վերականգնեց անկախությունը Մոսկվայից, Միացյալ Նահանգները հպարտորեն աջակցել է ժողովրդավարական ջանքերին և բարեփոխումներին՝ աշխատելով կառավարության հետ՝ ամրապնդելու իր ինստիտուտները և պահպանելու իր տարածքային ամբողջականությունը 2008 թվականին Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի բռնակցումից հետո:
«Այսօրվա (ԱՄՆ-ի-հեղ.) որոշումը մեսիջ է այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնությունն անվերապահ չէ, և կառավարության գործողություններն ունեն իրական հետևանքներ»,- ասված է հայտարարության մեջ։
Սենատորների խոսքով, չնայած օգնությունը դադարեցնելու որոշմանը, ԱՄՆ-ը հավատարիմ է մնում վրաց ժողովրդի՝ դեպի անդրատլանտյան ապագայի ձգտումներին։
Ամերիկայի Միացյալ Նահանգները կասեցրել է Վրաստանի իշխանություններին ավելի քան 95 միլիոն դոլարի օգնությունը։
Հիշեցնենք. օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։ Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։
Նշենք նաև, որ Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է՝ «գործակալների օրենքի» ընդունման պատճառով Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր Խաղաղության եվրոպական հիմնադրամը (EPF):
Իշխող թիմի հակաարևմտյան քայլերը վնասում են Թբիլիսի-Վաշինգտոն հարաբերություններին