Այսօր՝ հունիսի 27-ին, Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման 10 տարին լրացավ։
Այդ կապակցությամբ Եվրամիության ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկատվության մեջ գրված է, որ Վրաստանի կառավարությունը պետք է վերադառնա Եվրամիության ուղի։
«Սա գործընկերության կարևոր փուլն է և նաև հիշեցնում է, որ Եվրամիությունը վճռականորեն աջակցում է Վրաստանի բնակչության ձգտումներին դեպի Եվրամիություն:
Վրաստանի կառավարությունը պետք է վերադառնա Եվրամիության ուղի։ Վրաստանի տեղը Եվրամիությունում է, սակայն Վրաստանը չի կարող առաջ շարժվել Եվրամիության ճանապարհով, եթե գործողությունների ուղղությունը չփոխի»,- ասված է հայտարարության մեջ։
Ի դեպ, Վրաստանը վաղուց է փորձում մերձենալ Եվրամիության հետ։ 2014 թվականին կողմերի միջև ստորագրվել է Ասոցացման համաձայնագիր, իսկ 2016 թվականին մեկնարկել է խոր և համապարփակ ազատ առևտուրը։
2017 թվականից Վրաստանի քաղաքացիները Շենգենյան տարածք են մեկնում առանց վիզայի և մինչև երեք ամիս մնալու իրավունք ունեն։
2023 թվականի դեկտեմբերին Վրաստանը ստացավ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ, սակայն իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքը», ընդունեց «գործակալների օրենքը», ինչը Եվրամիությունը և մյուս գործընկեր երկրները համարում են եվրաինտեգրման խոչընդոտ։