«Եվրոպական ժողովրդական կուսակցության» (EPP) պատգամավորներն անդրադարձել են Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակին։
Եվրախորհրդարանական Ռասա Յուկնևիչիանեն Twitter-յան իր միկրոբլոգում հրապարակել է Սաակաշվիլիի լուսանկարը փետրվարի 1-ի դատավարությունից և նշել, որ քաղաքական քննարկումների ժամանակ չկա, քանի որ երրորդ նախագահի վիճակը րոպե առ րոպե վատթարանում է։
«Նախագահ Սաակաշվիլիի վիճակը հասել է կրիտիկական սահմանագծին և րոպե առ րոպե վատթարանում է։ Կոչ եմ անում Վրաստանի իշխանություններին հնարավորություն տալ նրան անհապաղ տեղափոխել վերակենդանացման բաժանմունք՝ անհրաժեշտ բուժում ստանալու համար։ Այլևս քաղաքական քննարկումների ժամանակը չէ»,- գրել է Յուկնևիչիանեն:
Եվրախորհրդարանի մեկ այլ պատգամավոր՝ Միրիամ Լեքսմանը, Twitter-յան իր միկրոբլոգում գրել է, որ EPP-ն աջակցում է Եվրախորհրդարանում Սաակաշվիլիի գործի շուրջ հրատապ քննարկմանը։
«Վրացական իշխանությունները պետք է դադարեցնեն նախկին նախագահ Սաակաշվիլիի կյանքին սպառնացող վտանգների ստեղծումը։ EPP-ի քաղաքական խումբը աջակցում է Եվրախորհրդարանում լիագումար բանավեճի հրատապ անցկացմանը։ Նրան պետք է թույլ տրվի անհապաղ բուժօգնություն ստանալ արտասահմանում։ Վրաստանի կառավարությունը լիովին պատասխանատու է նրա առողջության համար»,- գրել է Լեքսմանը:
Ի դեպ, Սաակաշվիլին «Վիվամեդ» կլինիկայից երեկ հեռավար ռեժիմով մասնակցել է Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող իր գործով հերթական դատական նիստին։
Սաակաշվիլին դատավորին ու դահլիճում հավաքվածներին դիմել է ուկրաիներեն, այնուհետև ցույց է տվել, թե ինչ ֆիզիկական վիճակում է գտնվում։ «Ներողություն հակաէթիկական պատկերի համար: Ինձ տանջում են և թունավորում»,- ասել է Սաակաշվիլին՝ շապիկի տակից ցույց տալով հյուծված, վտիտ մարմինը։
«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեի խոսքով, Սաակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա, թեև կլինիկան չի առարկի, եթե երրորդ նախագահը նման ցանկություն հայտնի։