Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) ևս մեկ անգամ դատապարտել է «Վրաստանի ղեկավարության հերթական փորձը՝ Ուկրաինան ներգրավելու իր երկրի ներքաղաքական գործընթացներում հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրություններից առաջ»։ Կիևը հայտարարել է՝ Վրաստանի կառավարությունը «Կրեմլի պատճենն է դարձել»:
Ուկրաինայի ԱԳՆ-ն այսպես է արձագանքել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը, թե «Վրացական երազանք»-ի նախընտրական պաստառները, որոնցում օգտագործվել են Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմը պատկերող լուսանկարներ, «բացահայտում են ճշմարտությունը»։
Ուկրաինան կոչ է անում վրացական իշխանություններին ձեռնպահ մնալ ուկրաինական պետությանը և Ուկրաինայի քաղաքացիներին Վրաստանի ներքաղաքական գործընթացներում ներքաշելուց, «ինչպես նաև ուկրաինացի ժողովրդի արյունն ու տառապանքը ծաղրելուց»։
«Զարմանալի է Վրաստանի ներկայիս կառավարության համառ փորձը՝ ջնջել վրաց ժողովրդի հիշողությունից Ռուսաստանի բազմաթիվ հանցագործությունները, որոնք նա կատարել է, շարունակում է ինչպես Վրաստանի, այնպես էլ Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը «ամոթալի» է համարում, որ «Վրացական երազանքն» իր քաղաքական գովազդում օգտագործում է «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անխնա պատերազմի պատկերները», — ասված է Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Ուկրաինայի ԱԳՆ-ն «ցավով» նշում է, որ «ընդօրինակելով Ռուսաստանի մոտեցումը՝ սահմանափակելով քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան կազմակերպությունների մասնակցությունը երկրի ժողովրդավարական զարգացումն ապահովելու և մրցակցային ընտրական միջավայրի աջակցությամբ, Վրաստանի կառավարությունը «Կրեմլի պատճենն է դարձել»:
Հիշեցնենք, որ Կոբախիձեն իշխանամետ «Իմեդի»-ի եթերում ասել էր, որ Վրաստանի բնակչությունը տեղեկություն չունի, թե իրականում ինչ է կատարվում Ուկրաինայում, և որ իր կուսակցության նախընտրական գովազդային վահանակներն ու տեսանյութը «բացահայտում են ճշմարտությունը»։