Ըստ «Transparency International — Վրաստանի» (TI)՝ կառավարությունը չի կատարում Եվրահանձնաժողովի պայմանները, որոնք անհրաժեշտ են ազատ, արդար և մրցակցային ընտրություններ անցկացնելու համար։
«Փետրվարին Ընտրական օրենսգրքում խորհրդարանի ընդունած փոփոխություններն անտեսում են Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) առաջարկությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ու անդամների ընտրության վերաբերյալ և, հետևաբար, հակասում են Եվրահանձնաժողովի 9 վերապահումներին», — նշված է TI-ի զեկույցում։
Կազմակերպության կարծիքով՝ անհրաժեշտ է հնարավորինս արագ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
«Մենք ողջունում ենք այս փոփոխություններին վետո դնելու նախագահի որոշումը, և հուսով ենք, որ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները կարտացոլվեն խորհրդարան վերադարձված օրինագծում։ Մենք կոչ ենք անում իշխող մեծամասնությանը բաց չթողնել ընտրական բարեփոխումների իրականացման այս հնարավորությունը, որպեսզի երկիրը կարողանա անցկացնել ազատ և արդար ընտրություններ»,- ասված է հայտարարության մեջ։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունների միջև։