Վրաստանի կառավարության պահվածքն օգուտ չի տա ոչ մեկի. Դաննիգան

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը ասել է, որ Վրաստանի կառավարության պահվածքը` վերջին հակաժողովրդավարական գործողությունները, ԱՄՆ-ի և Արևմուտքի մասին ապատեղեկատվությունը և վարչապետի երեկվա նմանօրինակ հայտարարությունները չեն օգնում Վրաստանին կամ վրաց ժողովրդին։

Ռոբին Դաննիգանի խոսքով, գործողություններն ու հայտարարությունները, որոնք ավելի են մեկուսացնում Վրաստանին Արևմուտքից, Եվրոպայից և ԱՄՆ-ից, չեն բխում վրաց ժողովրդի շահերից։

«Վրաց ժողովրդի ճնշող մեծամասնությունն ասում է, որ իրենց ապագան Եվրոպայի և Արևմուտքի հետ է, սակայն տեղի ունեցող գործողություններն ու հայտարարությունները մեկուսացնում են Վրաստանին և չեն ծառայում այդ նպատակին։ Աշխարհում վրաց ժողովրդի եվրատլանտյան ինտեգրման ավելի ուժեղ աջակից չկա, քան ԱՄՆ-ն է։ Մենք կշարունակենք աջակցել վրաց ժողովրդին և կշարունակենք օգնել Վրաստանին դառնալ ավելի ուժեղ, տնտեսապես բարգավաճ երկիր, որը կդառնա Եվրամիության անդամ։ Հայտարարությունները, որոնք փորձում են մեկուսացնել Վրաստանին ԱՄՆ-ից, ոչ մեկի շահերից չի բխում»,- ասել է Դաննիգանը։

Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն սեպտեմբերի 17-ին հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանին և մտահոգություն հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշման կապակցությամբ՝ պատժամիջոցների և վիզային սահմանափակումների կիրառում Վրաստանի քաղաքացիների, այդ թվում՝ ոստիկանների նկատմամբ։