Եվրախորհրդարանի պատգամավոր, «Եվրոպական ժողովրդական կուսակցության» անդամ Միրիամ Լեքսմանի խոսքով, «Վրացական մղձավանջը» (նկատի ունի Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը-խմբ.) գործում է եվրոպական արժեքների և վրաց ժողովրդի եվրաատլանտյան նկրտումների դեմ:
Լեքսմանն այսպես է արձագանքել «Եվրոպական սոցիալիստների կուսակցության» հայտարարությանը, որը դատապարտում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի Հունգարիայում Պահպանողական քաղաքական գործողությունների (CPAC) տարեկան համաժողովում ելույթը:
Ի դեպ, «Եվրոպական սոցիալիստների կուսակցությունը» (PES) հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ դատապարտում է Ղարիբաշվիլիի մասնակցությունը CPAC համաժողովին:
Նշենք, որ «Վրացական երազանքը» ներկայումս ունի «Եվրոպական սոցիալիստների կուսակցության» դիտորդ անդամի կարգավիճակ։
Մայիսի 4-ին Ղարիբաշվիլին ելույթ է ունեցել CPAC-ի համաժողովում։ Մոտ 20 րոպե տևողությամբ իր ելույթում կառավարության նախագահը խոսել է տարբեր հարցերի մասին, մի շարք հոմոֆոբ հայտարարություններ արել։ Նրա ելույթի հիմնական շեշտադրումներն էին «ավանդական արժեքների պահպանումը» և «մեծամասնության նկատմամբ փոքրամասնության կողմից բռնության անթույլատրելիությունը»:
Վարչապետի խոսքով՝ մինչ Վրաստանի մեծամասնությունը կիսում է ավանդական արժեքները, ուժերը, որոնք դեմ են այդ արժեքներին՝ «ԼԳԲՏ քարոզչություն են իրականացնում», որը, նրա կարծիքով, ի վերջո նպատակ ունի ժողովրդին ավելի հեշտ կառավարել։
Ըստ նրա՝ վտանգ են ներկայացնում «նրանք, ովքեր առանց հավատի և արժեքների, ագրեսիվ ցինիզմով, հաճախ հանուն ժողովրդավարության, կրոնի և ազատության, դեմ են արտահայտվում ազատությանը և ճշմարտությանը»։