Վերջին ժամանակներում Վրաստանի իշխող ուժը՝ «Վրացական երազանքը» ակտիվորեն մեկնաբանում է Արևմուտքում ընթացող քաղաքական գործընթացները` ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ֆոնին պաշտպանելով իր նախընտրելի թեկնածուին։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն բազմիցս հայտարարել է, որ ցանկալի է նախագահական ընտրություններում հաղթի Դոնալդ Թրամփը, ինչը փորձագետները դիվանագիտական նորմերի խախտում են որակում․
«Մենք և Դոնալդ Թրամփը մեկ ընդհանուր բան ունենք․ վերջին 30 տարիների ընթացքում Թրամփը միակ ղեկավարն էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ում իշխանության օրոք Ամերիկան պատերազմ չի ունեցել, և «Վրացական երազանքը» Վրաստանում միակ կառավարությունն է, որի ժամանակ Վրաստանը պատերազմ չի ունեցել», — այսպես է բացատրում վարչապետը Թրամփի նկատմամբ աջակցության պատճառը։
Հուլիսի 13-ին նախընտրական քարոզարշավում՝ նախընտրական ելույթի ընթացքում, Դոնալդ Թրամփի դեմ սպանության փորձը ևս մեծ արձագանք գտավ Վրաստանի իշխանության շրջանում։ «Վրացական երազանքի» գործող ղեկավար Մամուկա Մդինարաձեն, վարչապետ Իրակլի Կոբախիձեն և շատ այլ ներկայացուցիչներ սպանության փորձի համար մեղավոր համարեցին «Գլոբալ պատերազմի կուսակցությանը»։ Հատկանշական է, որ վերոնշյալ կուսակցության մասին խոսում է հիմնականում «Վրացական երազանքը»․
«Գլոբալ պատերազմի կուսակցությունը չի փոխում իր մեթոդները։ 21-րդ դարում լիբերալ ֆաշիզմը, արմատականությունը, բևեռացումը, ատելությունը և քաղաքական գործիչների վրա արյունալի հարձակումները դարձել են սովորական Ամերիկայում և Եվրոպայում: Ես համերաշխություն եմ հայտնում և առողջություն եմ մաղթում Դոնալդ Թրամփին»,- գրել էր Իրակլի Կոբախիձեն դեպքի առթիվ։
Թե ինչով է պայմանավորված «Վրացական երազանքի» ակտիվ ներգրավվածությունը Արևմտյան քաղաքական օրակարգում, քննարկել ենք քաղաքական փորձագետ Գիորգի Մելաշվիլիի հետ․
«Վերջերս «Վրացական երազանքը» ակտիվորեն փորձում է իրեն կապել Արևմտյան քաղաքական երկխոսության հետ, որը նրանց մոտ չի հաջողվում։ Ակնհայտ է, որ դա շատ արհեստական է․ բացեիբաց նկատելի է բոլորիս համար։ Նրանց նպատակն է վստահեցնել ժողովրդին և միջազգային գործընկերներին, թե «Վրացական երազանքը» կրկին ներգրավված է Արևմտյան օրակարգում, իբր կրկին շարունակում են եվրաինտեգրացիան և եվրաատլանտիկյան ինտեգրացիան։
Գլխավոր նարատիվը՝ «Վրացական երազանքը մինչ այժմ էլ ունի կապեր Արևմուտքի հետ», թեկուզ կոնկրետ կուսակցությունների հետ առաջնային նպատակն է, ինչի համար էլ նրանք փորձում են մեկնաբանել այնտեղ տիրող քաղաքական իրավիճակը», — ասում է քաղաքագետը։
Մելաշվիլիի կարծիքով՝ Արևմտյան քաղաքական գործընթացներում «Վրացական երազանքի» ակտիվությունը հերթական «քարոզչության միջոց է»։
«Օտարերկրյա կուսակցությունը, լինի դա թեկուզ իշխող ուժ, երբ նման կերպ՝ բացեիբաց աջակցում է այլ երկրում ընտրությունների ժամանակ կոնկրետ քաղաքական սուբյեկտի, դա իհարկե անընդունելի է միջազգային հարաբերություններում, համարվում է դիվանագիտական նորմերի խախտում», — նշում է փորձագետը, և շարունակում․
«Տարածվում է նաև նման նարատիվ՝ եթե Թրամփը հաղթի ԱՄՆ ընտրություններում, ում աջակցում է «Վրացական երազանքը», ԱՄՆ-ի և Վրաստանի միջև հարաբերությունները կբարելավեն, սա բնականաբար անհեթեթություն է»։
Թե ինչն է իրապես ազդելու ԱՄՆ-ի և Վրաստանի միջև համագործակցության վրա, Մելաշվիլին նշում է․
«Այն, որ «Վրացական երազանքը» ռուսամետ և հակաաևմտյան կողմնորոշում ունի, ոչ մեկիս համար նորություն չէ։ Միակ տարբերակը, որի միջոցով Վրաստանը կկարողանա շտկել իր հարաբերությունները Արևմուտքի հետ երեք կոնկրետ քայլ պետք է ներառի։ Դա է՝ նախ և առաջ ընտրությունները ժողովրդավարական կերպով անցկացնելը, երկրորդը՝ «ռուսական օրենքը» չեղարկելը և երրորդը՝ Անակլիայի նավահանգիստը արևմտյան հետաքրքրությունների համապատասխան կառուցելը։ Եթե «Վրացական երազանքը» այս վերոնշյալը չանի, բոլոր տեսակի հարաբերությունների վերականգնման մասին խոսք գնալ չի կարող»։
Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում, որոնք կայանալու են նոյեմբերի 5-ին, հանրապետական կուսակցության թեկնածուն է 78-ամյա Դոնալդ Թրամփը։ Ինչ վերաբերում է Դեմոկրատական կուսակցությանը, ապա Ջո Բայդենը հուլիսին հրաժարվեց նախագահի պաշտոնի համար պայքարից: Փոխարենը նախագահի պաշտոնի համար պայքարելու է փոխնախագահ Կամալա Հարիսը։ Հարիսը ներկայումս ունի բավականաչափ ձայներ դեմոկրատ պատվիրակներից, որպեսզի դառնա կուսակցության նախագահի թեկնածուն: Հատկանշական է, որ Վրաստանի քաղհասարակությունը ևս իր աջակցությունը հայտնել է Կամալա Հարիսին։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի նախորդ ընտրություններում Դոնալդ Թրամփը երկրորդ ժամկետում պարտվեց Ջո Բայդենին, սակայն նա չընդունեց իր պարտությունը և հայտարարեց, որ ընտրությունները կեղծվել են։
2021 թվականի հունվարի 6-ին՝ Ջո Բայդենի երդմնակալությունից մոտ երկու շաբաթ առաջ, Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիումի շենք և Կոնգրեսից պահանջեցին չճանաչել Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում։ Զանգվածային անկարգությունների արդյունքում զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։