Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում քննադատել է ԱՄՆ-ին ուղղված որոշ քաղաքական գործիչների մեղադրանքները։ Նա հատկապես ընդգծել է, որ վերջերս ԱՄՆ-ի և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի հասցեին հնչող քննադատությունները չեն բխում Վրաստանի շահերից։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ավելի ուշ հայտարարել էր, որ Վրաստանի կառավարությունը չի շեղվել եվրոպական ընտանիքին միանալու ճանապարհից։
Իշխանական ուժերի բարձրաձայնած նման հայտարարությունները վերջին շրջանում զարմանալի էին այնքանով, որ Ուկրաինայում Ռուսաստանի զանձազերծած պատերազմից հետո նույն իշխանականների հայտարարությունները ծայրաստիճան տարբեր էին:
Մինչև վերջերս իշխանական վերնախավից հնչում էին հակաարևմտյան և հակաամերիկյան տեսակետներ: Մասնավորապես հայտարարում էին, թե վերջիններս փորձում են Վրաստանին պատերազմի մեջ ներքաշել. անգամ պնդում էին, որ Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ չի ստացել՝ հենց պատերազմի մեջ չներքաշվելու համար:
Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ ԱՄՆ իշխանությունները երբեք էլ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությունները լուրջ չեն ընդունել, այլապես հիմա նրանք իշխանության ղեկին չէին լինի:
«Այսօր վրացական իշխանութունները կարծես շտկվելու ուղղությամբ են շարժվում»,- ասում է փորձագետը:
Փորձագետը բացառում է, որ իշխանությունների վրա ներքին ճնշում է գործադրվում. նրա կարծիքով` ճնշում կարող է լինել միայն արտաքին գործընկերներից.
«Ներքին ճնշումների համար պետք է գործի ընդդիմությունը, որն այս փուլում, կարծես, պասիվ է: Գուցե իշխանությունները հասկացան, որ, օրինակ, ԱՄՆ–ը երբեք իրենց հետ այդ պայմաններում չի շարունակի համագործակցել, հետևաբար նաև` չեն պահպանի իշխանությունը, և որոշեցին փոխել հռետորաբանությունը»:
RealPolitika կայքի հիմնադիր, քաղաքագետ Զազա Աբաշիձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ թե՜ իշխանության, թե՜ վերջերս իշխանական շարքերը լքած պատգամավորները երբեք իրենց հայտարարություններին չեն հակասել:
Ըստ Աբաշիձեի, իշխանական շարքերը լքած պատգամավորները ձևականորեն հեռացել են, որ քննադատեն Վրաստանի ռազմավարական գործընկերներին, իսկ վարչապետն ու մյուս իշխանականները՝ փորձեն, իբր, պաշտպանել ռազմավարական գործընկերներին և, այդպիսով` արևմտամետ կամ ամերիկամետ պատրանքներ ստեղծել:
«Վրացական երազանքը» շարունակում է իր ծրագիրն առաջ տանել այնպես, ինչպես նախատեսել էր ի սկզբանե, և ոչ մի արտաքին կամ ներքին ուժ ճնշում չի գործադրում»,- պնդում է Աբաշիձեն:
Աբաշիձեն նկատում է՝ նախքան պատերազմը եղած հռետորաբանության և ներկայիս հռետորաբանության միջև տարբերություն չկա, ընդհակառակը` ամեն օր նրանց հռետորաբանությունն ապացուցում է, որ շեղվում են Վրաստանի բռնած սկզբնական ուղուց:
«Վերջին հայտարարություններն ընդամենը հասարակությանը շեղելու փորձեր են»,- հավելում է Աբաշիձեն: