Վրաստանի իշխանությունները դաս են քաղել հանցավոր արկածախնդրությունից և նպատակ ունեն խաղաղ ճանապարհով «վերադարձնելու» Աբխազիան և Հարավային Օսիան, վրաստանյան interpressnews լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
Գալուզինն այսպիսով անդրադարձել է Վրաստանի Անկախության օրը Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի վերադարձի վերաբերյալ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը:
Գալուզինի խոսքով, «Սոխումի-Թբիլիսի-Ցխինվալի «եռանկյունու» նորմալացման նախադրյալները կհայտնվեն այն բանից հետո, երբ Վրաստանը կընդունի առկա իրականությունը և պատրաստ կլինի հարաբերություններ կառուցել հանրապետությունների հետ՝ հիմնված հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա»:
«Աբխազիան և Հարավային Օսիան կատարել են իրենց ինքնիշխան ընտրությունը դեռ 2008 թվականին, այն բանից հետո, երբ Միխեիլ Սաակաշվիլիի (Վրաստանի երրորդ նախագահ — հեղ.) վարչակարգը փորձեց ուժով մի հանրապետությունը վերադարձնել Վրաստանին և մյուսին սպառնաց նմանատիպ գործողություններով։ Որքան հասկանում ենք, Վրաստանի իշխանությունները դասեր են քաղել այս հանցավոր արկածախնդրությունից և նպատակ ունեն խաղաղ ճանապարհով «վերադարձնելու» Աբխազիան և Հարավային Օսիան։ Խոսքն առաջին հերթին վրացական «վերաինտեգրման» ծրագրերի ու նախաձեռնությունների մասին է»,- ասել է Գալուզինը։
Նշենք, որ 2008 թվականի օգոստոսի հնգօրյա ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը Վրաստանի տարածքի 20 տոկոսը՝ Աբխազիան և Ցխինվալին (Հարավային Օսիան), ճանաչել է որպես «անկախ պետություններ»: Միջազգային հանրությունն այս շրջանները համարում է Վրաստանի ինքնիշխան տարածքի մաս:
Նշենք նաև, որ պաշտոնական Մոսկվան վերջին շրջանում պարբերաբար դրական է գնահատում Վրաստանի ներկայիս իշխանությունների հակաարևմտյան քայլերը: Եվ չնայած Վրաստանի ժողովրդի 80 տոկոսից ավելին ձգտում է դառնալ եվրատլանտյան ընտանիքի մաս, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առավել խստացնում է հակաարևմտյան հռետորաբանությունը՝ ընդունելով մի շարք հակաժողովրդավարական օրենքներ: Միջազգային գործընկերներն այս օրենքները բացասաբար են գնահատում, և միայն Մոսկվան է, որ դրական է գնահատում Վրաստանի իշխանությունների քայլերը: