Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը շարունակում են հանդիպումները

Դեկտեմբերի 8-ի երեկոյան Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը ավարտվեց ըննդիմության և իշխող թիմի թվով 4-րդ հանդիպումը: Այսօր, հավանաբար, տեղի կունենա ևս մեկ՝ արդեն 5-րդ հանդիպումը, սակայն հայտնի չէ այն վերջնական կլինի, թե կողմերը քննարկելու էլի հարցեր կթողնեն հետագայի համար:

Հանդիպման ավարտից հետո ընդդիմության ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ դեսպանների խնդրանքից ելնելով չեն կարող խոսել բանակցությունների մանրամասներից:

Ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից պարզ է դառնում, որ կողմերը մի քանի ժամ տևող արդեն 4 հանդիպման ընթացքում չեն կարողացել համաձայնության հասնել:

Ընդդիմությունը ունի 4 պահանջ.

  • արտահերթ ընտրություններ,
  • քաղբանտարկյալների ազատ արձակում,
  • ընտրական համակարգի բարեփոխում,
  • ընտրական հանձնաժողովի փոփոխություն։

Ընդդիմության ներկայացուցիչների խոսքով՝ առաջին երկու պահանջի շուրջ համաձայնության հասնել չի ստացվում, երրորդ և չորրորդ պահանջի շուրջ որոշակի ընդհանուր դիրքորոշում կա:

Ինչ վերաբերում է իշխանությանը, Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ իշխող թիմը դրական է տրամադրված և կարծում է, որ դեկտեմբերի 11-ին նորընտիր խորհրդարանի առաջին նիստին խորհրդարանում կտեսնեն ընդդիմադիր պատգամավորների:


 

Հիշեցնենք՝ Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը Վրաստանում ԱՄՆ և ԵՄ դեսպանների միջնորդությամբ մի քանի անգամ հանդիպել են և քննարկել հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների շուրջ ունեցած տարաձայնությունները:

Ընտրական շեմը հաղթահարած բոլոր 8 ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և հրաժարվում են մուտք գործել խորհրդարան:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների համամասնական ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

  • «Եվրոպական Վրաստան» — 3,79%, 5 մանդատ,
  • «Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է» — 27,18%, 36 մանդատ,
  • «Հայրենասերների դաշինք» — 3,14%, 4 մանդատ,
  • «Լեյբորիստական ​​կուսակցություն» — 1%, 1 մանդատ,
  • «Քաղաքացիներ-Ալեկո Էլիսաշվիլի» — 1,33%, 2 մանդատ,
  • «Գիորգի Վաշաձե — Շինարար ռազմավարության» — 3,15%, 4 մանդատ,
  • «Գիրչի» — 2,89%, 4 մանդատ,
  • «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» — 48,22%, 60 մանդատ,
  • «Լելո» — 3,15%, 4 մանդատ:

Վրաստանի բոլոր 30 մեծամասնական շրջաններում հաղթել են «Վրացական երազանքի» թեկնածուները: Կուսակցությունը 10-րդ գումարման խորհրդարանում կունենա 90 պատգամավոր: