Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև կայացած բանակցությունները նորից անարդյունք ավարտվեցին: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչ Կրիստիան Դանիելսոնի միջոնորդությամբ շուրջ 7 ժամ շարունակ ընթացող բանակցություններից հետո շվեդ դիվանագետը հայտարարեց, որ կողմերը պատրաստ չէին փոխզիջումների:
Վրաստանում ԵՄ ներկայացուցչության կողմից հրապարակված տեքստի համաձայն՝ բանակցությունները ընթացել են 5 թեմաների շուրջ.
- քաղաքականացված արդարադատության հարցերին անդրադարձ — մասնավորապես 2019 թվականի հունիսյան դեպքերի պատճառով ձերբակալվածների ազատ արձակում համաներման մասին օրենքով,
- ընտրական հավակնոտ փոփոխություններ — նախատեսում է առաջիկա ընտրություններն անցկացնել լրիվ համամասնական ընտրակարգով, հաջորդ երկու խորհրդարանականները 2 տոկոսանոց արգելապատնեշով: Բարեփոխումը վերաբերում է նաև տեղական ընտրություններին,
- օրենքի գերակայություն / դատական համակարգի բարեփոխում — այս կետում ընդգծված է բազմակուսակցական ներգրավվածության կարևորությունը,
- իշխանության բաշխում խորհրդարանում — ուժերի բաշխում կուսակցությունների միջև, մասնավորապես խորհրդարանում 5 կոմիտեի ղեկավարներ են նշանակվում ընդդիմությունից,
- առաջիկա ընտրություններ — կուսակցությունները տարբեր կերպ են գնահատում 2020-ի ընտրությունները և համաձայնվում են խորհրդարանական մանդատների և հաջորդ ընտրություններին մասնակցելու հարցում, վերոնշյալ բարեփոխումները հաշվի առնելով:
Հանդիպումից հետո իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ բանակցությունները չեն կայացել, քանի որ ընդդիմությունը փոխզիջման չի գնացել: Ընդդիմությունում հակառակը, հայտարարում են, որ ամբողջ պատասխանատվությունը իշխանության վրա է և վերջինս չի ցանկանում համաձայնության հասնել:
Ընդդիմության առաջնորդներից Սալոմե Սամադաշվիլիի հայտարարությամբ՝ կողմերը համաձայնության են հասել 5 կետից 3-ի դեպքում, խնդրահարույց են մնացել քաղբանտարկյալների և արտահերթ ընտրությունների հարցերը:
Վրաստանում արդեն 5 ամիս շարունակ ներքաղաքական անհամաձայնություններ են, որոնք առաջացան 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: Ընդդիմության մեծ մասը չի ճանաչում ընտրությունների արդյունքները և հրաժարվում է մտնել խորհրդարան: Քաղաքական ճգնաժամը էլ ավելի խորացավ, երբ ձերբակալվեց ամենամեծ ՄԱՇ կուսակցության նախագահ Նիկա Մելիան և հրաժարական տվեց վարչապետ Գիորգի Գախարիան:
Ընդդիմության հիմնական պահանջներն են՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: