Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը կրկին չեն հասել համաձայնության

Վրաստանում այսօր տեղի ունեցած բանակցությունների երրորդ փուլում իշխանությունն ու ընդդիմությունը բազմամանդատ ընտրական շրջանների վերաբերյալ համաձայնության չեն հասել: Այս մասին հանդիպման ավարտից հետո հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն:

Թալակվաձեի խոսքով, իշխանության ներկայացուցիչներն ընդդիմությանը ներկայացրել են այն փաստարկները, որոնց պատճառով բազմամանդատ ընտրական շրջաններ ստեղծելու մասին նախաձեռնության իրականացումը իշխանության կարծիքով խնդիրներ կառաջացնի:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, Գիորգի Վաշաձեի խոսքերով այսօրվա հանդիպմանը հայտնի է դարձել, որ իշխանությունը նույնպես ցանկանում է ընտրակարգի փոփոխություն կատարել, սակայն կոնկրետ դիրքորոշում չի հայտնում: Իշխանությունը ժամանակ է պահանջել, որպեսզի վերջնական ձևավորի իր առաջարկությունը ընտրակարգի վերաբերյալ:

Բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին:

Հիշեցնենք՝ ընդդիմության և իշխող կուսակցության միջև առաջին հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 30-ին, որն ավարտվեց անարդյունք, երկրորդ հանդիպումը՝ դեկտեմբերի 8-ին էր: