Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը երկարատև բանակցություններից հետո կարողացան հասնել համաձայնության: Այսօր Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են համապատասխան փաստաթուղթ, որի համաձայն 2020 թվականի աշնանը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 120/30 մոդելով: Հետևաբար, ընտրությունների արդյունքում երկրի խորհրդարանը կկազմվի 120 համամասնական և 30 մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից:
Եվս երկու կարևոր համաձայնություն, որոնք ձեռք են բերել կողմերը, դա այսպես կոչված 40 տոկոսանոց պատնեշն է, ըստ որի քաղաքական ուժը, որը չի ստանա ձայների 40 տոկոսը ինքնուրույն չի կարողանա իշխանություն ձևավորել:
Եվ երկրորդ, ընտրություններին անցումային շեմը սահմանվել է 1 տոկոս, նախկին 5-ի փոխարեն:
Հիշեցնենք, Վրաստանում այժմ գործում է խառը ընտրական համակարգ: Խորհրդարանը կազմված է 150 անդամից, որոնցից 77 պատգամավորը ընտրված է համամասնական, իսկ 73 պատգամավորը մեծամասնական կարգով: Հաղթող ուժին որպեսզի ձևավորի իշխանություն, անհրաժեշտ է 76 մանդատ: