Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է վրացական կաթնամթերքը Ռուսաստան արտահանելու առաջարկին և կողմերի միջև բանակցություններին՝ ասելով, որ երբ Ուկրաինայում պատերազմ է ընթանում, այս քայլն անընդունելի է։ Նախարարության պնդմամբ՝ Վրաստանի կառավարությունը մոռացել է 2008 թվականի պատերազմի մասին և այժմ փորձում է օգտագործել պահը սեփական շահերի համար։
«Ռուսական ընկերությունների հետ համագործակցությունը Ռուսաստանին լրացուցիչ ռեսուրսներ է տալիս Ուկրաինայի դեմ դաժան պատերազմը շարունակելու համար։
Վրաստանը քաջ գիտակցում է պատերազմի սարսափը, որի միջով այժմ անցնում են ուկրաինացիները։ Միաժամանակ, թվում է, թե Վրաստանի կառավարությունը մոռացել է 2008 թվականը և այժմ փորձում է պահն օգտագործել սեփական շահերի համար»,- ասված է հայտարարության մեջ։
Ռուսական Tass լրատվական ընկերության հաղորդմամբ, վրացական կաթնամթերքի արտահանման որոշումն ընդունվել է մարտի 5-ին, վրաց-ռուսական կողմի բանակցությունների արդյունքում։
Նշենք, որ Վրաստանի պարենի ազգային գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի հետ բանակցություններ են ընթանում 2020 թվականից և վրացական արտադրանքի արտահանման որոշումը կայացվել է դրա հիման վրա։