Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուկրաինական պատերազմի տարելիցին նվիրված հայտարարության մեջ ասել է, որ Վրաստանի իշխանությունը մեկուսացրել է իրեն Ուկրաինայի նկատմամբ իր դիրքորոշման պատճառով։
Զուրաբիշվիլին ասել է, որ Ռուսաստանն արդեն պարտվել է, քանի որ «չի կարողացել վերացնել ուկրաինական իշխանությունը, չի կարողացել թուլացնել միջազգային աջակցությունը։ Հակառակը օրեցօր ավելանում է վստահությունը և աջակցությունը Ուկրաինայի նկատմամբ․ չտեսնված օգնություն և համերաշխություն, ոչ միայն ֆինանսապես այլ բոլոր հնարավոր ռեսուրսներով»։
Նա հավելել է, որ այս պատերազմը ձևավորել է նոր, ինքնավստահ ու ուժեղ Եվրոպա։
Ինչ վերաբերվում է Վրաստանի կառավարությանը, նա ավելացրել է․
«Ես չեմ կարող չարտահայտել իմ դժգոհությունը, որ կառավարությունը մեկուսացրեց ինքն իրեն, և ինչ-ինչ պատճառներով փորձում է արդարացնել չեզոք դիրքորոշումը։ Անհասկանալի է դա մի երկրի կողմից, որը բազմիցս անցել է նույն փորձության միջով և լավ է հասկանում օկուպացիայի դառնությունը։ Բարեբախտաբար, վրաց հասարակությունը հստակ արտահայտեց իր դիրքորոշումը, օգտագործեց բոլոր միջոցները դարավոր բարեկամին աջակցելու համար։ Թբիլիսիի փողոցները բազմիցս են ցույց տվել, թե որտեղ է կանգնած վրաց ժողովուրդը»։
Նախագահի խոսքով, Վրաստանը չի մոռացել գլխավորը՝ սեփական ինքնությունն ու սեփական արժանապատվությունը։