
Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթը հայտարարել է, որ Վրաստանի իշխանություններն արգելափակում են երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հնարավորությունը։
Գերմանացի պատգամավորը Վրաստանի մասին խոսել է այն բանից հետո, երբ ԵՄ-ն Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել է անդամակցության բանակցությունները:
«Եվրամիությանն Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները վերջապես սկսվել են։ Ցավոք, Եվրամիության դեմ գործող իշխանությունն արգելափակում է Վրաստանի բանակցությունները Բրյուսելի հետ, որոնք վաղուց պետք է սկսված լինեին»,- ասել է Ռոթը:
Հիշեցնենք. հունիսի 25-ին, պաշտոնապես մեկնարկել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների փուլը: