Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը՝ «խուսափելու Վրաստանի ուկրաինացումից»:
Կոբախիձեն ասել էր, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հիմնական նպատակն է «խուսափել Վրաստանի ուկրաինացումից» և, համապատասխանաբար՝ Վրաստանին մոտեցնել «Եվրամիություն ինտեգրմանը»։
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի գրասենյակը նշել է, որ Վրաստանի իրական վտանգը «ռուսացումն» է, ոչ թե «ուկրաինացումը»։ Ըստ նրանց՝ Ուկրաինային նվաստացուցիչ համատեքստում նշելը լրացուցիչ վնաս է հասցնում ուկրաինա-վրացական հարաբերություններին:
«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգված է Վրաստանում ներքաղաքական իրավիճակի սրմամբ, որը կապված է Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկման հետ։
Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին հարգել Վրաստանի քաղաքացիների խաղաղ բողոքը և լուծում գտնել կառուցողական երկխոսության միջոցով։ Քաղաքացիների իրավունքների և ազատությունների հարգումը, քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը սոցիալական կարևոր խնդիրների լուծման գործում անհրաժեշտ պայման է երկրի եվրոպական ապագայի կերտման համար։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի մեկնաբանությունը «ուկրաինացման» սպառնալիքի վերաբերյալ, որի դեմ կարծես թե ուղղված է այս օրենքի նախագիծը, մտահոգիչ է։ Մեր երկիրը նվաստացուցիչ համատեքստում հիշատակելը լրացուցիչ վնաս է հասցնում ուկրաինա-վրացական հարաբերություններին։ Վրաստանի համար իրական վտանգը ռուսացումն է, այլ ոչ թե մտացածին «ուկրաինացումը»»,- նշված է Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Նույն հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուկրաինային ձեռնտու է Վրաստանում տեսնել խաղաղ և բարեկամական մթնոլորտ. «Ուկրաինան անշեղորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և նրա տարածքային ամբողջականությանը երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: