Վրաստանի հիմնադիր ժողով. 100 տարի առաջ այս օրը տեղի է ունեցել Վրաստանի խորհրդարանի առաջին նիստը. ընտրությունների և խորհրդարան անցած կուսակցությունների մասին

Ստորև ներկայացնում ենք «Վրաստանի հիմնադիր ժողով» գրքի թարգմանության հերթական հատվածը։ Նախորդ մասերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Վրաստանի հիմնադիր ժողովը ձևավորվել էր որպես համընդհանուր, հավասար, գաղտնի և ուղղակի ձևով, համամասնական սկզբունքով ընտրված օրենսդիր մարմին: Ընտրություններին մասնակցելու հնարավորություն էր տրվել երկրի բոլոր չափահաս (20 տարեկան) քաղաքացիներին` անկախ սեռից, ակտիվ և պասիվ ձայնի իրավունքով:

Հանրապետության քաղաքացիները պետք է ընտրեին Հիմնադիր ժողովի 130 պատգամավորի: Հիմնադիր ժողովը պետք է շարունակեր օրենսդրական գործունեությունը և իրականացներ իր գլխավոր խնդիրը` մշակեր երկրի Սահմանադրությունը: Համընդհանուր, ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով ձևավորված օրենսդրական մարմինները ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը լուծելու տեսանկյունից բարձր լեգիտիմացիա պետք է ունենային:

Ընտրություններում մասնակցելու համար անհրաժեշտ էր ձայնի իրավունք ունեցող 50 քաղաքացու ստորագրությամբ հաստատված թեկնածուների ցուցակ և յուրաքանչյուր թեկնածուի գրավոր համաձայնությունը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հանձնաժողովը, ըստ ցուցակի ընդունման, ընտրական համարներ էր տալիս:

Ձևավորվել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որի 21 անդամին ընտրել էր Վրաստանի խորհրդարանը՝ խորհրդարանի կազմից, մեկական անդամ էլ գրանցված թեկնածուական ցուցակներից` որպես այդ կուսակցությունների և քաղաքացիական խմբերի ներկայացուցիչներ: Վրաստանի հիմնադիր ժողովի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար էր նշանակվել սոցիալ-դեմոկրատ Ալեքսանդրե Լոմթաթիձեն,  տեղակալներ` սոցիալիստ-հեղափոխական Իվանե Գոբեչիան և սոցիալիստ-ֆեդերալիստ Թեդո Ղլոնտին, հանձնաժողովի գանձապահ` ազգայինդեմոկրատ Գիորգի Գվազավան, քարտուղար` սոցիալ-դեմոկրատ Անա (Օլա) Սոլողաշվիլին:

Ընդամենը մեկ ընտրատարածքի պատճառով, ընտրությունների հիմնական վերահսկողական մարմինը հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր, չնայած, բացառության կարգով ընտրական հանձնաժողովներ ստեղծվեցին Սուխումիի և Զաքաթալայի շրջաններում: Մարզերում ընտրական հանձնաժողովի պարտականությունները մարզային ժողովներին էր տրվել: Այն շրջաններում, որտեղ վարչատարածքային բարեփոխումներ դեռևս չէին իրականացվել, ընտրական հանձնաժողովի գործառույթները փոխանցվել էին տեղական ինքնակառավարման մարմիններին, կամ, դրանց` գոյություն չունենալու դեպքում, բոլոր կուսակցությունների համամասնական ներկայացուցիչներից ձևավորված հանձնաժողովներին: Նրանց նաև հանձնարարվել էր համայնքային ներկայացուցիչներից և փոքր գյուղական միավորներից կազմված ընտրական հանձնաժողովներ ստեղծել:

Հանձնաժողովները մշակել էին ընտրական ցուցակները: Պատրաստել ընտրական տարածքները և համապատասխան գույքը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունները նշանակել էր 1919 թվականի փետրվարի 14, 15 և 16-ին: Չնայած ոչ բարենպաստ եղանակին և քաղաքական իրավիճակին (զինված կոնֆլիկտներ հարևան երկրների` Հայաստանի և Օսմանյան կայսրության հետ), Հիմնադիր ժողովի ընտրությունները շատ կարևոր և քաղաքական կշիռ ունեցող խնդիր էր և այդ պատճառով խանգարող գործոնները ետին պլան մղվեցին ու առաջնահերթություն տրվեց ընտրությունների ճանապարհով լեգիտիմացիա ստանալուն:

Հիմնադիր ժողովի ընտրություններում թեկնածուական ցուցակներ են ներկայացրել և համապատասխան ընտրական համարներ ստացել հետևյալ կուսակցություններն ու հասարակական խմբերը.

1. Վրաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատավորների կուսակցություն

2. Վրաստանի ազգային-դեմոկրատական կուսակցություն

3. Վրաստանի սոցիալիստ-հեղափոխականների կուսակցություն

4. Հայ Հեղափոխական դաշնակցության Վրաստանի բյուրո

5. Վրաստանի սոցիալիստ-ֆեդերալիստների հեղափոխական կուսակցություն

6. Վրաստանի մահմեդականների ազգային խորհուրդ

7. Վրաստանի ռադիկալ-դեմոկրատն գյուղացիների կուսակցություն

8. Վրաստանի հողատերերի ազգային կուսակցություն

9. Վրաստանի սոցաիլիստ-ֆեդերալիստների աշխատավորների կուսակցություն

10. Վրաստանի ազգային-ժողովրդական և հասարակական-համայքային Շոթա Ռուսթավելիի կուսակցություն

11. Անկախների (անկուսակցականների) խորհուրդ

12. Բորչալո մարզում բնակվող մահմեդականների խումբ

13. Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատավորների կուսակցություն (բոլշևիկներ)

14. Պատրիոտների էսթետիկ լիգա

15. Վրաստանի էլինների ժողովրդավարական խումբ

Նախընտրական շրջանը տևել է 1918 թվականի դեկտեմբերից մինչև 1919 թվականի փետրվար:

Ընտրական հանձնաժողովն ընտրաթերթիկներ էր տպել, որոնց քանակը հավասար էր ընտրություններում մասնակցող առանձին կուսակցությունների և խմբերի քանակին: Ընտրաթերթիկը ներառում էր առանձին կուսակցությունների կամ խմբերի ընտրական ցուցակները և համարները: Ընտրական համակարգի համաձայն, հանձնաժողովները պետք է ընտրաթերթիկներ բաժանեին իրենց մոտ գրանցված ընտրողներին, որոնք պետք է ընտրատեղամաս գային իրենց համար ցանկալի կուսակցության կամ խմբի ընտրաթերթիկով: Սակայն, հարգելի պատճառ ունենալու դեպքում, ընտրաթերթիկն ընտրողին էր փոխանցվում հենց ընտրությունների օրը: Ընտրություններին մասնակցող խմբերը հնարավորություն են ունեցել հանձնաժողովից պահանջել, որ բացի պետական լեզվից ընտրաթերթիկի վրա տեղեկատվություն լիներ նաև այլ լեզուներով, որպեսզի պետական լեզուն չիմացող քաղաքացիներին հասկանալի լիներ տեղեկատվությունը:

Ընտրական կանոնների համաձայն, ընտրատեղամասում քաղաքացին` հանձնաժողովի կողմից ինքնությունը հաստատելուց հետո վերջիններից ծրար է ստացել, հատուկ հատկացված վայրում կարողացել է գաղտնի կերպով ընտրաթերթիկը տեղադրել ծրարի մեջ, իսկ հետո ծրարը փոխանցել հանձնաժողովի ղեկավարին, որը, ընտրողի ներկայությամբ, ծրարը գցել է արկղի մեջ:

Ընտրատեղամասում և դրանից դուրս` մոտակայքում, քարոզարշավն արգելված է եղել: Արգելված է եղել նաև նույն տարածքում զինված կամ ոչ սթափ մարդկանց ներկայությունը: Տեղամասի ներսում ցուցադրված են եղել ընտրություններին մասնակցող թեկնածուների ցուցակները, իսկ քվեարկելու անկյունում հավելյալ ընտրաթերթիկներ` բացառված կարգից օգտվող ըտրողների համար, ովքեր առանց ընտրաթերթիկի են եկել ընտրատեղամաս:

3 օր շարունակվող ընտրությունները քաղաքներում ավարտվում էին 21:00-ին, իսկ գյուղերոմ` 20:00-ին։ Հանձնաժողովները սկսել են հաշվարկել արդյունքները և ուղարկել կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Փետրվարի 14-16-ն ընտրությունները տեղի են ունեցել հետևյալ քաղաքներում և մարզերում:

. Թբիլիսիի, Թելավիի, Սիղնաղիի, Թիանեթիի, Դուշեթիի, Գորիի, Շորապանի, Քութայիսիի, Լեչումի, Ռաճայի, Ախալսենակի, Զուգդիդիի և Օզուրգեթիի մարզերում:

. Թբիլիսի, Թելավի, Սիղնաղի, Գորի, Խաշուրի, Սուրամի, Կղվիրիլա, Ճիաթուրա, Քութայիսի, Խոնի, Սամտրեդիա, Ախալսենակի, Զուգդիդի, Փոթի, Օզուրգեթի և Լանչխութի քաղաքներում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ճանաչել Դուշեթի քաղաքում անցկացված ընտրությունների արդյունքները և սահմանված կարգով նոր ընտրություններ են նշանակել: Մանր խախտումներ են գրանցվել տարբեր քաղաքներում և գյուղերում, որոնց արդյունքները չեղյալ են ճանաչվել, քանի որ, ըստ ընտրական կարգի, այս ընտրատեղամասերի ընդհանուր թվաքանակն ամբողջ ընտրողների 1/10-ից պակաս է եղել:

Ընտրություններին ակտիվությունը կազմեց 60 տոկոս:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրինական համարած ձայները հաշվելուց հետո հատուկ բանաձևով հաշվել էր ընտրական «մետրը»` ձայների քանակը, կոյֆիցենտը մեկ պատգամավոր ընտրելու համար և սահմանվել էր Հիմնադիր ժողովի պատգամավորների քանակը:

. Վրաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատավորների կուսակցություն — 109 պատգամավոր:

. Վրաստանի ազգային-ժողովրդավարական կուսակցություն — 8 պատգամավոր:

. Վրաստանի սոցիալիստ-ֆեդերալիստների հեղափոխական կուսակցություն — 8 պատգամավոր:

. Վրաստանի սոցիալիստ-հեղափոխականների կուսակցություն — 5 պատգամավոր:

Վրաստանի Հիմադիր ժողովի առաջին տոնական նիստը տեղի է ունեցել 1919 թվականի մարտի 12-ին, ժամը 12:10-ին` Թբիլիսիում, Հիմնադիր ժողովի սպիտակ դահլիճում: Ռեգլամենտի համաձայն, նիստերի դահլիճում գտնվող ամենատարեց պատգամավորը` Սիլիբիստրո Ջիբլաձեն է ղեկավարել նիստը, իսկ քարտուղարի իրավասություններն իրականացրել է ամենաերիտասարդ պատգամավորը` Գոգիտա Փաղավան:

Սիլիբիստրո Ջիբլաձեն ողջույնի խոսքով է բացել Հիմնադիր ժողովի նիստը: Պատգամավորներն ընտրել են Հիմնադիր ժողովի ղեկավար` Կառլո Չխեիձեին ու առաջին տեղակալին` Ալեքսանդրե Լոմթաթիձեին, ով շարունակել է ղեկավարել նիստը: Պատգամավորները ստորագրություններով միաձայն հաստատեցին 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի անկախության հռչակագիրը: Լուսանկարիչներն ու կինոմատոգրաֆները ժապավենի վրա գրանցեցին այդ տոնական պահը:

Հետագա նիստերին Հիմնադիր ժողովն ընտեց պրեզիդիում և հանձնաժողովներ: Մանդատային հանձնաժողովներն ընդունում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրություները և նախապատրաստվում կրկնակի ընտրությունների:

Միևնույն ժամանակահատվածում ընտրված պատգամավորների կազմում փոփոխություններ սկսվեցին, քանի որ նախընտրական քարոզարշավի ժամանակ, և ընտրվելուց հետո սոցիալ-դեմոկրատ մի քանի պատգամավոր մահացան: Նրանց տեղերը զբաղեցրին ցուցակով հաջորդած անձինք:

Լրացուցիչ ընտրությունների երկրոդ փուլը տեղի ունեցավ 1919 թվականի մայիսի 19-ին: Ընտրությունները տեղի ունեցան հետևյալ վայրերում:

. Թբիլիսիի համար 50 ընտրատեղամասում, Դուշեթի քաղաքում, Գոմբորիում, Բոլնիս-Խաչենում և Դաղեթ-Խաչենում:

. Սուխումիի ընտրատարածքում, Սոխում, Օչամչիրե, Գուդաութա և Գագրա քաղաքներում:

Արդյունքները հաշվարկելու արդյունքում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը զրկվեց 3 մանդատից, մեկական մանդատ էլ ստացան ազգային-դեմոկրատական և սոցաիլիստ-հեղափոխական կուսակցությունները, մեկ մանդատ էլ տրվել էր Հողատերերի ազգային կուսակցությանն ու նրանք հնարավորություն ընձեռել Հիմնադիր Ժողով մտնել։ Երրորդ հավելյալ ընտրությունները տեղի ունեցան 1919 թվականի սեպտեմբերի 18-ին, հետևյալ տարածքներում.

. Բորչալոյի, Ախալցիխեի, Ախալքալաքի մարզերում, Դուշեթիի մարզի Մթիուլեի և Խևսուրեթի համայնքներում, Փոցխովի շրջանում և Սվանեթիի համայնքներում:

. Ախալցիխե և Ախալքալաքի քաղաքներում:

Արդյունքները հաշվելու արդյունքում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ևս 4 մանդատ է կորցրել և մեկական մանդատ է ավելացել սոցիալիստ-ֆեդերալիստների և Հողատերերի ազգային կուսակցությանը: Մեկ մանդատից զրկվել է ազգային-ժողովրդավարական կուսակցությունը և 3 մանդատով Վրաստանի Հիմնադիր ժողով է մտել Հայ հեղափոխական դաշնակցության Վրաստանի բյուրոն:

Պատգամավորական կազմի փոփոխությունները շարունակվել են մինչև 1921 թվականը, Հիմնադիր ժողովի անդամների մահվան և մանդատից հրաժարվելու պատճառներով: