Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը Վրաստանի հետ թռիչքների դադարեցման պատճառով 1 միլիարդ ռուբլու (15.6 մլն դոլար) վնաս է կրել: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է ավիաընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Սկուրատովը:
Վերջինս հայտարարել է, որ Ռուսաստանի ֆինանսների նախարարության կողմից պատրաստված վնասի հաշվարկման մեթոդաբանության հետ կարելի է համաձայնել կամ ոչ, բայց դա ոչինչ չի փոխում:
«Մենք կարող ենք ասել` եկեք այլ կերպ հաշվենք, բայց նրանցից պատասխան չկա»,- հայտարարել է Սկուրատովը:
Նշենք, որ Ռուսաստան-Վրաստան ավիափոխադրումները դադարեցվեցին հուլիսին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ Վրաստանում տեղի ունեցող հակառուսական ակցիաների ֆոնին: Վրաստանում այդ ժամանակ 6 ընկերություն էր թռիչքներ իրականացնում. «Ուրալյան ավիաուղիներ», «Սիբիր», «Պոբեդա», «Աերոֆլոտ», «Նորդավիա» և «Ռեդ Վինգս»: Ամռանը ռուսական ավիաընկերություններին տրանսպորտի նախարարությունը խոստացել էր, որ թռիչքների չեղարկման հետ կապված որոշակի փոխհատուցում է տրվելու, սակայն հարցը դեռևս լուծված չէ: