ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում երկու երկրների վարչապետներն առանձնազրույց են ունեցել:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ողջունել է հայ գործընկերոջն ու շնորհակալություն հայտնել երևանյան հանդիպման ընթացքում ջերմ ընդունելության համար: Գախարիան ասել է, որ նմանօրինակ բարձր մակարդակի հանդիպումները հիմք են նաև նախարարությունների ու այլ գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար.
«Պարոն վարչապետ, հարգարժան Նիկոլ, ուրախ եմ Ձեզ Վրաստանում հյուրընկալելու համար: Մենք, իհարկե, կառավարությունների մակարդակով ամենօրյա ռեժիմով աշխատում ենք՝ հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: Մենք բարդ տարածաշրջաններում ենք ապրում, ու հասկանում ենք, որ տարածաշրջանների կայունությունը մեր պետությունների զարգացման հիմքն է: Մենք պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության, ապա միայն տնտեսական, մշակութային ու այլ հարցերի մասին: Մեր համոզմունքն է, որ մեր երկրների զարգացումը Եվրատարածք ինտեգրվելու հետ է կապված»։
Պատասխան խոսքում Փաշինյանը խոսել է հայ-վրացական հարաբերությունների խորացման մասին՝ նշելով, որ Վրաստանի հետ հարաբերությունների պատկերացումները Հայաստանի համար ռազմավարական են.
«Մեր երկրները խորը պատմական կապեր ունեն, մենք հազարամյակներով ապրել ենք կողք կողքի, կարծում եմ՝ ժամանակն է եկել մտածել եթե ոչ հազարամյակների, գոնե հարյուրամյակների համատեղ այս տարածաշրջանում զարգացման մասին: Մեր հարաբերություններն ամրացնող ևս մեկ գործոն է ի հայտ եկել, դա մեր ժողովուրդների հստակ նվիրվածությունն է՝ ժողովրդավարությանն ու ժողովրդվարության զարգացման տեսլականին: Այս հանգամանքը մինչև այժմ գոյություն ունեցող հիմքին ավելացնում է ևս մեկ կարևոր անկյունաքար: Վերջին մեկուկես տարվա ընթացքում մեզ իսկապես հաջողվել է Վրաստանի հետ հարաբերությունների նոր որակ ստանալ: Մեզ հաջողվում է հստակ քայլերով մեր բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչել»,- ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք՝ ընթացքի մեջ է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վրաստան: Երկօրյա այցի շրջանակներում Փաշինյանը նաև հայ համայնքի հետ կհանդիպի: