Վրաստանի տեղեկատվական վստահելիության խթանման ծրագիրը, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստանի (CRRC) հետ համագործակցությամբ, ուկրաինական պատերազմից առաջ սոցհարցում է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ հարցվածների 54 տոկոսը դրական է գնահատել Վրաստանի խորհրդային շրջանը:
Հարցվածների միայն 14 տոկոսն է այն գնահատել շատ բացասական, իսկ 24 տոկոսը՝ ավելի բացասական, քան դրական, 9 տոկոսը հարցին չի պատասխանել, կամ պատասխանել է, որ չգիտի։
Հարցվածների 52 տոկոսի կարծիքով էլ՝ Խորհրդային Միությունում իրենց մասին ավելի լավ են հոգացել, քան ներկայիս Վրաստանում։
Հետազոտության համաձայն՝ Խորհրդային Միությունն ավելի մեծ ժողովրդականություն է վայելում 55 տարեկանից բարձր և գյուղական բնակավայրերում ապրող քաղաքացիների շրջանում։
Հատկանշական է, որ ըստ հարցման տվյալների՝ Խորհրդային Միությունը ավելի դրական է գնահատվում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից։ Խորհրդային ժամանակաշրջանը դրականորեն է բնութագրել էթնիկ ադրբեջանցի բնակչության 70 տոկոսը և էթնիկ հայ բնակչության 69 տոկոսը, մինչդեռ դրական է գնահատվել էթնիկ վրացիների 21 տոկոսի կողմից:
Հարցումն իրականացվել է CRRC-Վրաստանի կողմից Zinc Network-ի անունից: Zinc Network-ն իրականացնում է ամերիկյան USAID կողմից ֆինանսավորվող ծրագիրը՝ Վրաստանում տեղեկատվության արժանահավատությունը խթանելու համար, որի նպատակն է բարձրացնել հանրության շրջանում ապատեղեկատվության և քարոզչության նկատմամբ կայունությունը և բարելավել տեղեկատվական միջավայրը:
Հետազոտության շրջանակներում ընդհանուր առմամբ անցկացվել է 3 024 դեմ առ դեմ հարցում: Հարցումն անցկացվել է Վրաստանի ողջ տարածքում (բացառությամբ Վրաստանի վերահսկողության տակ չգտնվող շրջանների)՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 14-ը, վրացերեն, հայերեն և ադրբեջաներեն լեզուներով։ Սխալի միջին սահմանը +/- 1,7 տոկոս է: