«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Միրզոյանը միացել է Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի դիմաց ընթացող ցույցին․
«Ինձ այսօր այստեղ գտնվելուն ավելի դրդեց երեկվա իրադարձությունները, որտեղ խաղաղ ցուցարարների հանդեպ ուժ կիրառվեց, ինչը համարում եմ անթույլատրելի, քանի որ խոսքի, կարծիքի և ազատ հավաքների խթանումը ժողովրդավարության կարևորագույն սկզբունքներից է», — այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Միրզոյանը՝ կից հրապարակելով լուսանկար Խորհրդարանի մոտից։
Միրզոյանը նշել է, որ էական չէ, թե «ինչական է» այս օրենքը, ինքը ևս դեմ է օրենքի ընդունմանը, քանի որ օրինագծի դրույթներից որոշները սկզբունքորեն անընդունելի են։
«Թեև ես երբեք չեմ ստացել որևէ ֆինանսական աջակցություն, սակայն անձամբ շատ անհատների եմ ճանաչում, ովքեր նման աջակցություն են ստանում և գործում են ի շահ այս երկրի, և ըստ այդ օրենքի իրենք կհամարվեն օտարերկրյա ազդեցության գործակալ», — գրել է Միրզոյանը՝ հավելելով, որ․
«Միանշանակ ես մեր երկրի ապագան տեսնում եմ Եվրոպայում»։
Նշենք նաև, որ Վրաստանի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Այս փաստն էլ ավելի է զայրացրել օրենքի ընդունման դեմ բողոքող քաղաքացիներին։ Բազմահազարանոց ցույցը շարունակվում է։
Օր երրորդ. բողոքի ցույցին միացել են ուսանողներ և ուսուցիչներ