Ապրիլի 21-ին՝ երեկոյան, «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանին Թբիլիսիում ծեծի են ենթարկել դիմակավորված անձինք:
Միրզոյանը դեպքից անմիջապես հետո տեսանյութ է տարածել՝ պատմելով պատահածի մասին: Նրա խոսքով, գրասենյակից տուն գնալու ճանապարհին, իր վրա հարձակվել են դիմակավորված երեք հոգի, ծեծի ենթարկել ու հեռախոսով նկարել:
«Նրանցից մեկը հեռախոսով նկարում էր, երկուսը մոտեցան ինձ՝ համոզվելու, որ ես Արթուրն եմ: Փորձեցի հեռանալ, բայց հարձակվեցին, ընկա գետնին, հարվածեցին մարմնիս, գլխիս, մի քանի տեղ վնասվածքներ ունեմ»,- ասում է Արթուր Միրզոյանն ու հավելում, որ աղմուկ բարձրանալուց հետո, անհայտ անձինք դեպքի վայրից փախել են, կոտրել են իր հեռախոսը, պատռել հագուստը:
Միրզյանը շտապ օգնություն է կանչել, դիմել է նաև ոստիկանություն, վերջիններս, նշում է՝ ներկայացել են քաղաքացիական հագուստով:
«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախագահն ընդգծում է, որ նման կերպով, փորձում են խաթարել ապրիլքսանչորսյան երթը, հայերի պահանջատիրական պայքարը՝ վախի մթնոլորտ ստեղծելով համայքում: