Օրեր առաջ՝ հուլիսի 10-ին, դադարեցվել է Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը, և վերջինս սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը։
Այս իրադարձությունը կարող է ազդել բնակչության վրա, հատկապես այնպիսի խոցելի խմբերի՝ ինչպիսիք են էթնիկ փոքրամասնությունները։
Այս թեմայով «Ալիք մեդիա»-ն զրուցել է ազգությամբ հայ Եկատերինա Կապլանյանի հետ։ Ըստ նրա` Վրաստանի հայ երիտասարդները ձգտում են դեպի Եվրոպա, քանի որ նման շփումները դրական են անդրադառնում ողջ երկրի և բնակչության զարգացման դրական աճի վրա։
«Ամբողջ Վրաստանի, ինչպես նաև էթնիկ փոքրամասնությունների համար, Եվրամիությանն ինտեգրումը շատ կարևոր է։ Վրաստանում ընդունվել են տարբեր օրենքներ Եվրամիության պահանջով և հորդորով, որոնք բարօրություն են բերում թե՛ վրաց ժողովրդին, թե՛ Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնություններին։ Նրանց ցուցումների շնորհիվ ունենք այն, ինչ ունենք, մենք նույնպես վերջին տարիներին զգացել ենք մի շարք դրական փոփոխություններ», — «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց Եկատերինան։
Եկատերինա Կապլանյանը Նինոծմինդայի շրջանից է, ծնվել, մեծացել և դպրոցն ավարտել է Նինոծմինդայում, այնուհետև որոշում է կայացրել ուսումը շարունակել Վրաստանում և ընդունվել է Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարան` 1+4 ծրագրով։ Մեկ տարվա ընթացքում սովորել է վրաց լեզուն, ինչից հետո ուսումը շարունակել է միջազգային հարաբերությունների բաժնում։ Բակալավրն ավարտելուց հետո ուսումը շարունակել է նույն համալսարանի «Սոցիալական աշխատանք» բաժնում։
Ուսումն էլ ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելու համար ակտիվորեն մասնակցել է ԱՄՆ-ի և Եվրամիության կազմակերպած մի շարք թրեյնինգների, որոնք անցկացվել են արտերկրում։
2023 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբերը՝ 4 ամսվա ընթացքում, սովորել է Փարիզի «Paris Nanterre University»-ում, «Erasmus +» ծրագրի շրջանակում։
«Erasmus +»-ը կրթական ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, ունի և՛ երկարաժամկետ, և՛ կարճաժամկետ ծրագրեր։ Կարճաժամկետ ծրագրերի շրջանակներում ուսանողները հնարավորություն են ունենում մեկնելու եվրոպական երկրներ` մասնակցելու համար տարբեր կրթական թրեյնինգների, իսկ երկարաժամկետ ծրագրերի դեպքում ուսանողներին հնարավորություն է տրվում ուսման մեկ կիսամյակն անցկացնելու եվրոպական համալսարաններից մեկում և սովորել այնտեղ։ Այս ամենից բացի, կան նաև կամավորական աշխատանքների համար նախատեսված ծրագրեր, որոնք տևում են մեկ տարի։
Կարճաժամկետ ծրագրերի ընթացքում Եկատերինան մեկնել է Շվեդիա և ԱՄՆ, մասնակցել կրթական թրեյնինգների, որոնք եղել են էթնիկ փոքրամասնությունների և սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց իրավունքների պահպանման թեմաներով։
«Փոխվել է նաև էթնիկ փոքրամասնությունների կյանքը ԵՄ-ի օգնության շնորհիվ», — ասաց Եկատերինան` հավելելով, — «կցանկանայի մի քանիսը նշել, օրինակ՝ ԵՄ-ի ֆինանսական օգնության շնորհիվ ընտրությունների մասին հայերեն շատ գրքեր են թարգմանվել. սա նպաստում է էթնիկ փոքրամասնությունների ինտեգրմանը, նաև կազմակերպվում են տարբեր թրեյնինգներ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչների համար, ու մեծամասնությունն, իհարկե, ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից։ Այս ընթացքում նաև գյուղատնտեսական բարեփոխումներ են եղել` կրկին Եվրամիության աջակցության շնորհիվ։ Մենք պետք է այս բոլորը նկատենք ու գնահատենք»։
Նշենք նաև, որ եվրոպական հայտնի գրողների և հետազոտողների բազմաթիվ գրքեր ու աշխատություններ հասանելի են Վրաստանում սովորող ուսանողներին։
Հեղինակ՝ Ասյա Բալասանյան, ստաժոր