
37 անդամ երկրներ Վրաստանի հարցով դիմել են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)՝ մտահոգություն հայտնելով երկրում մարդու իրավունքների վիճակի վատթարացման կապակցությամբ։
Նրանք Վրաստանին կոչ են արել «ներգրավվել քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և ԵԱՀԿ ինստիտուտների հետ ներառական երկխոսության մեջ»:
«Մենք մեր խոր մտահոգությունն ենք հայտնում Վրաստանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման կապակցությամբ: Փետրվարին մեր վերջին քննարկումից հետո մենք, ցավոք, ականատես եղանք վրացական իշխանությունների ձեռնարկած հետագա քայլերին, այն է` հրաժարում ժողովրդավարական և մարդու իրավունքների իրենց պարտավորություններից»,- ասված է ապրիլի 11-ին տարածված հայտարարության մեջ:
Այս հայտարարությունն ապրիլի 11-ին ԵԱՀԿ-ում Գերմանիայի դեսպան Սյուզան Շյուցը տարածել է ԵԱՀԿ մասնակից 37 պետությունների անունից։
Նրա խոսքով` մտահոգիչ են հետևյալ հիմնական խնդիրները.
- Օրենսդրության միջոցով քաղաքացիական տարածքի սահմանափակումը;
- Անկախ լրատվամիջոցների նկատմամբ ոստիկանության ձեռնսրկսծ ուժի չափից ավելի կիրառման և խաղաղ ցուցարարների նկատմամբ անհայտ խմբերի գործադրած բռնության համար պատասխանատվության բացակայությունը;
- Նախնական կալանքի չհիմնավորված ժամկետները և նախնական կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին հաղորդումները։
Հայտարարության մեջ նաև նշված է, որ իրենք ուշադիր հետևում են Վրաստանի ընտրական օրենսդրության վերջին փոփոխություններին։ Դրանից բացի, նրանք մտահոգություն են հայտնել օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք «խաթարում են խաղաղ հավաքների ազատությունը», ներառյալ Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում և «Հավաքների և դրսևորումների մասին» օրենքում փոփոխությունները:
Հայտարարությունը ստորագրող երկրներն են՝
Ալբանիա, Ավստրիա, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Կանադա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Հունաստան, Իսլանդիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիխտենշտեյն, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Մոնտենեգրո, Նիդերլանդներ, Հյուսիսային Մակեդոնիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Մոլդովա, Ռումինիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Միացյալ Թագավորություն, Ուկրաինա և Գերմանիա։