Վրաստանի խորհրդարանի կողմից «գործակալների օրենքի» վրա դրված վետոյի հաղթահարումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է՝ օրենքի ընդունումն ավելի է հեռացնում երկիրը ԵՄ ճանապարհից: Ըստ Միշելի՝ Վրաստանի հարցը կավելացվի Եվրոպական խորհրդի հաջորդ նստաշրջանի օրակարգում:
Նա ընդգծել է՝ վրաց ժողովուրդը հստակորեն ընտրել է եվրոպական ուղին, և իրենք կանեն ամեն ինչ՝ աջակցելու համար վրաց ժողովրդի ցանկությանը։
«Դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը որոշում կայացրեց ընդունել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը՝ հաշվի առնելով, որ Վրաստանը ձեռնարկում է համապատասխան քայլեր և անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումներ։
Խորհրդարանում թափանցիկության օրենքի ընդունումը հետընթաց քայլ է և Վրաստանին ավելի է հեռացնում ԵՄ ուղուց»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միշելը:
Նշենք՝ Եվրոպական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 27-28-ը։
Ի դեպ, Եվրահանձնաժողովի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Եվրահանձնաժողովը համատեղ հայտարարությամբ նշել են՝ Եվրամիությունն իր խոր մտահոգությունն է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանը որոշել է շրջանցել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքի վրա նախագահի (Սալոմե Զուրաբիշվիլիի- հեղ.) վետոն և անտեսել է Վենետիկի հանձնաժողովի մանրամասն իրավական փաստարկները, որոնք հստակ հանձնարարական էին պարունակում այդ օրենքը չեղյալ համարելու համար։ Արձագանքել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Խորհրդարանը հաղթահարեց «գործակալների օրենքի» վրա դրված վետոն