Վրաստանի ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցությունը չի մտնի խորհրդարան, ճեպազրույցում հայտարարել է կուսակցության առաջնորդ և նախկին վարչապետ Գիորգի Գախարիան:
«Մեր կուսակցությունը լեգիտիմություն չի տա «Երազանք»-ի ոչ լեգիտիմ խորհրդարանին, վերջակետ»,- լրագրողի հարցին, թե իր կուսակցությունը կմտնի՞ խորհրդարան՝ այսպես է պատասխանել Գախարիան:
Գախարիայի խոսքով՝ իր թիմը միանում է այսօր երեկոյան խորհրդարանի մոտ կայանալիք ակցիային։
Ի դեպ, Գախարիայի կուսակցությունը խորհրդարանում ստացել է 12 մանդատ։
Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով` առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք»-ը՝ 50 տոկոսից ավելի ձայներով։ 5 տոկոսի շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր քաղաքական միավորումներ:
- «Վրացական երազանք»՝ 53 931 տոկոս,
- «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,035 տոկոս,
- «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,167 տոկոս,
- «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 տոկոս,
- «Վրաստանի համար»՝ 7,768 տոկոս:
Ընդդիմադիր կուսակցություններն ու Վրաստանի նախագահը չեն ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել հանրությանը հոկտեմբերի 28-ին հավաքվել խորհրդարանի մոտ՝ աշխարհին ցույց տալու համար, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։