
«Վրաստանի համար» կանանց կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով վերջին երկու օրերին կին ակտիվիստների և քաղաքական գործիչ Էլենե Խոշտարիայի նկատմամբ իրականացված բռնի և նվաստացուցիչ գործողությունները, նաև իրավապահների կողմից նրանց անօրինական կալանավորումները։
Հայտարարության մեջ նշված է, որ նման բռնի գործողությունները վտանգ են ներկայացնում ժողովրդավարական սկզբունքների առումով։ Կազմակերպությունը դիմել է քննչական մարմիններին՝ անհապաղ սկսել օբյեկտիվ և անաչառ հետաքննություն։
«Նման բռնի գործողությունները խրախուսում են կանանց նկատմամբ բռնությունը երկրում և սպառնում են մեր հասարակության ժողովրդավարական սկզբունքներին»,- գրված է հայտարարության մեջ:
Կազմակերպությունը կոչ է արել բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից, պաշտպանել ժողովրդավարական սկզբունքները, հարգել միմյանց իրավունքները և զատել քաղաքական քննադատությունը բռնությունից ու վիրավորանքից։