Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ աշխատող Stadler ֆիրմային գնացքներում ուղևորներին այլևս ռուսերենով չեն ողջունի:
«Վրացական երկաթուղի» ընկերության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ այդ փոփոխությունը կապված չէ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստան կատարած այցի հետ:
«Արդեն 4 ամիս է ուղևորների համար ռուսերեն ոչինչ չի հայտարարվում: Այս որոշումը կայացվել է ծառայության բարելավման համար, քանի որ երեք լեզուներով հայտարարությունը չափազանց երկար էր և որոշակի անհանգստություն էր պատճառում ուղևորներին: Ընտրության արդյունքում կանգ առանք անգլերենի վրա, որպես միջազգային լեզու», — ասվում է հաղորդագրության մեջ:
2016 թվականի գարնանը Վրաստանը շվեյցարական Stadler ընկերությունից մի քանի երկհարկանի գնացք է ձեռք բերել: Այս գնացքները շահագործվում են նույն թվականի հուլիսից Թբիլիսի-Բաթումի և հակառակ ուղղությամբ: