Վրաստանի գինեգործական ձեռնարկությունների ներկայացուցիչները բաց նամակով դիմել են Վրաստանում Եվրամիության (ԵՄ) դեսպան Պավել Հերչինսկուն` խնդրելով Վրաստանին տրամադրել Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ։
178 գինեգործների ստորագրությամբ «Վրաստանի գինեգործարանների ձայնը Եվրամիությանը» նամակով նրանք խնդրում են Եվրամիությանը կայացնել այդ որոշումը, որպեսզի վրացական գինին մտնի իր բնական էկոհամակարգ՝ Եվրոպա։
«Մեր խնդրանքն է, որ դուք Վրաստանի համար այդ կարևոր որոշումը կայացնեք՝ կապված ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի տրամադրման հետ, որպեսզի Վրաստանի նորագույն պատմության մեջ, վրացական գինին մտնի իր բնական էկոհամակարգ՝ Եվրոպա, և անկախ Վրաստանը որպես ինքնիշխան պետություն կարողանա իր տեղը զբաղեցնել ազատ աշխարհի եվրոպական ընտանիքում»,- ասված է նամակում։
Գինեգործները նշել են, որ տասնամյակներ շարունակ խորհրդային և հետխորհրդային Վրաստանում խաղողագործությունն ու գինեգործությունը «կախված էին Ռուսաստանի մեծ, անկայուն և ցածր սպառողական մշակույթի շուկայից», ուստի ակնկալում են ՌԴ-ի շուկայից կախվածության նվազեցում, փոխարենը` կայուն տնտեսությամբ և գինու բարձր սպառողական մշակույթով ԵՄ երկրներ արտահանման ավելացում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց, որ Եվրահանձնաժողովը հանձնարարական է տալիս Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ՝ վերապահումով, որ երկիրը որոշակի բարեփոխումներ կիրականացնի։
Եվրահանձնաժողովի հանձնարարականից հետո Եվրոպական խորհուրդը վերջնական որոշում կկայացնի։ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները պետք է աջակցեն այս հանձնարարականին։ Դեկտեմբերի 14-15-ը ԵՄ անդամ պետությունների ղեկավարները պետք է վերջնական որոշումը հաստատեն Եվրոպական խորհրդում։