Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 40 հազար եվրոյով. հաջորդ խաղը` առանց հանդիսատեսի

Վրաստանի ազգային հավաքականը 2026-2027 մրցաշրջանի առաջին հանդիպումը, որում հյուրընկալելու է այլ հավաքականի` կանցկացնի փակ դռների հետևում, առանց հանդիսատեսի։

Այս որոշումը ՈՒԵՖԱ-ն ընդունել է Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական կոմիտեի նիստում ապրիլի 9-ին. պատճառը մարտի 23-ին Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպն է։

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարզաբանել է. «Պատիժը չի տարածվում աշխարհի առաջնության ընտրական խաղերի և ՖԻՖԱ-ի միջազգային ընկերական խաղերի վրա».

«Երկրպագուների խաղադաշտ ներխուժման, լազերային լույսեր և պիրոտեխնիկա գործածելու, նաև ելքերը փակելու պատճառով, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 40 հազար եվրոյով, իսկ Վրաստանի հավաքականը մեկ տնային հանդիպում կանցկացնի փակ դռների հետևում:

Եթե նմանատիպ խախտումները կրկնվեն երկու տարվա ընթացքում, ապա Վրաստանի հավաքականը կրկին իր հաջորդ հանդիպումը կանցկացնի փակ դռների հետևում», — ասված է հաղորդագրության մեջ:

Մարտի 23-ին Թբիլիսիում Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղից հետո մի խումբ երկրպագուներ ներխուժել են «Դինամո Արենա» մարզադաշտ: Դրանից բացի, տրիբունաներում վրացիները բախվել են հայ երկրպագուների հետ, եղել են վիրավորական ժեստեր և ֆիզիկական բռնություն: