Եվրախորհրդարանի պատգամավոր Էնդրյուս Կուբիլիուսը Ստրասբուրգում վրաց ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ հանդիպումից հետո ասել է, որ Վրաստանի եվրոպամետ ընդդիմությունն այլընտրանք է, որը կարող է պաշտպանել վրաց ժողովրդի շահերը՝ Եվրամիությանն անդամակցելու առումով:
ԵԽ պատգամավորի խոսքով, «Օտարերկրյա գործակալների» օրենքի հետ կապված` իրենք տեսել են քաղաքական սադրանքներ, նրա կարծիքով՝ սադրանքներ էլի կլինեն:
Նրա դիտարկմամբ` վրաց ժողովուրդն իսկապես մեծ ցանկություն ունի անդամակցելու Եվրամիությանը, սակայն, ցավոք, կառավարությունը դարձել է դրա գլխավոր խոչընդոտը։
«Իսկապես լավ հանդիպում էր. ինչպես գիտեք, այստեղ էին եկել վրացական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները։ Մենք, իհարկե, նրանց հարցրինք, թե ինչպես են գնահատում իրավիճակը, և որոնք են հետագա քայլերն ու ծրագրերը: Ինչպես են դա անելու, ինչ է ստացվելու հաջորդ տարվա ընտրություններին և այլն։ Մենք քննարկել ենք այս բոլոր հարցերը։
Մեր շահագրգռվածությունն է օգնել վրաց ժողովրդին հասնելու եվրաինտեգրման հետ կապված նպատակին։ Հետևաբար, մենք շատ շահագրգռված ենք տեսնել, որ վրացական ընդդիմությունը կարող է այլընտրանքային, իրական ճանապարհ առաջարկել դեպի Եվրամիություն»,- ասել է Կուբիլիուսը:
Հիշեցնենք, որ չորս ընդդիմադիր կուսակցությունների՝ «Ռազմավարությունը Աղմաշենեբելի», «Միացյալ ազգային շարժում», «Դրոա», «Գիրչի՝ մետի թավիսուփլեբա», ներկայացուցիչներ Վրաստանի եվրաինտեգրման հարցի շուրջ Ստրասբուրգում հանդիպել են տարբեր քաղաքական խմբերի ներկայացուցիչների հետ: