Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի շրջանակներում Բրյուսել կատարած ընթացիկ այցի ընթացքում Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Եվրախորհրդարանում Վրաստանի հարցով զեկուցող Սվեն Միքսերի հետ, հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն:
Տեղեկության համաձայն, հանդիպմանը կողմերը ողջունել են Վրաստանի արդյունավետ համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ և Եվրախորհրդարանի հաստատակամ աջակցությունը Վրաստանի եվրաինտեգրմանն ու ինքնիշխանությանն և տարածքային ամբողջականությանը։
Նշվում է, որ կողմերը խոսել են Վրաստանում ասոցացման օրակարգի իրագործման դրական դինամիկայի մասին և այս առումով ընդգծել են Եվրախորհրդարանի զեկուցողների զեկույցների պրակտիկայի կարևորությունը։ Նախարարը հույս է հայտնել, որ Եվրախորհրդարանը պատշաճ կերպով կգնահատի Վրաստանի առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին և կնպաստի երկրին թեկնածուի կարգավիճակ տալու գործընթացին։
«Հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծվել է Վրաստանի համար եվրոպական հեռանկարը բացելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի պատմական որոշման կարևորությունը, և Սվեն Միքսերին զեկուցվել է Վրաստանում Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման ընթացքի մասին։
Կողմերը դրական են գնահատել Բրյուսելում նախատեսված Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի նիստը և հույս հայտնել, որ Խորհրդի շրջանակներում արդյունավետ քննարկում կլինի Վրաստանի և Եվրամիության միջև տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ։
Եվրախորհրդարանի հետ զրույցում շոշափվել են նաեւ տարածաշրջանում անվտանգության միջավայրին եւ Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ: