Վրաստանի եվրաինտեգրման ուղին. 1992 թվականից մինչ օրս

Մեկ տարի է անցել այն պահից, երբ 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Վրաստանը ստացավ ԵՄ թեկնածուի կարգավիճակ, որը ոչ միայն արտահայտում է Վրաստանի առաջընթացի ճանաչումը ԵՄ կողմից, այլև ընդգծում է Վրաստանի նվիրվածությունը ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և այլն։

Տարիների գործընկերության ընթացքում եղել են և՛ մարտահրավերներ, և՛ ձեռքբերումներ։ Ներկայացնում ենք այս զարգացող գործընկերության որոշ առանցքային կետեր։ 

Վրաստանի համագործակցությունը Եվրամիության հետ մեկնարկեց, երբ   եվրամիավորման պետությունները ճանաչեցին Վրաստանի Հանրապետության անկախությունը՝ Խորհրդային միության փլուզումից հետո։

Համագործակցությունն ի սկզբանե նկատի ուներ հումանիտար, ֆինանսական և տեխնիկական օգնություն նախկին խորհրդային պետությանը, իսկ այսօր Վրաստանը Եվրամիության ընկերակցության պետություն է, որն ունի անդամակցության թեկնածուի կարգավիճակ։

Գործընկերության և համագործակցության համաձայնագիր, 1996 թ.

1990-ական թվականների բարդությունները՝ ներքին կոնֆլիկտները, տնտեսական ճգնաժամը և քաղաքական անկայունությունը, խոչընդոտում էր Վրաստանի եվրոպական ուղուն։ Այնուամենայնիվ, 1996 թվականի ապրիլի 22-ին Վրաստանի և Եվրամիության միջև կնքվեց  Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որն ուժի մեջ մտավ 1999 թվականին։ Համաձայնագիրը նախատեսում էր Եվրամիության չափորոշիչների հետ Վրաստանի մերձեցումը և ներառում էր տարբեր ոլորտներ, որոնց սահմաններում Վրաստանը պետք է ԵՄ-ի հետ համատեղ աշխատեր։ 

Վրաստանը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ, 1999 թ.

«Ես վրացի եմ, այդպիսով` ես եվրոպացի եմ», — ասաց Վրաստանի խորհրդարանի նախագահ Զուրաբ Ժվանիան, երբ 1999 թվականի հունվարի  27-ին Վրաստանը դարձավ Եվրոպական խորհրդի անդամ։  

2003-2008 թվականներին ԵՄ քաղաքականությունը հիմնականում իրականացվել է հարեւանության քաղաքականության շրջանակներում, որը ներառում էր Եվրամիության աջակցության գրեթե բոլոր տեսակի ծրագրերը` ընդգրկելով նախկին Խորհրդային Միության և Հարավային Միջերկրական ծովի տարածաշրջանը: 2004 թվականին Վրաստանը նույնպես ներառվեց հարևանության քաղաքականության մեջ։ Այս որոշման համար խթան հանդիսացան նաև Վարդերի հեղափոխությունից առաջացած սպասումները։

2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանի առջև բացվեց Եվրամիության հետ մերձեցման իրական հեռանկար՝  առևտրի ազատ տարածքի, վիզային ռեժիմի էական պարզեցման և Եվրամիության հետ ասոցացման առումով։ 

Սեպտեմբերի 1-ին կայացավ Եվրոպական խորհրդի արտահերթ ժողով, որի ընթացքում Եվրոպական խորհուրդը Եվրոպական հանձնաժողովից պահանջեց Արևելյան գործընկերության նախաձեռնության վերաբերյալ հաղորդակցության արագացում, որը մեկնարկեց 2009 թվականին՝ Պրահայում կայացած գագաթնաժողովի որոշումների հիման վրա։

2010-ից հետո

2010 թվականից Վրաստանի և ԵՄ հարաբերությունների նոր փուլ սկսվեց. նույն թվականին ստորագրվեց «Վրաստանի և Եվրամիության միջև վիզաների տրամադրման ընթացակարգերի պարզեցման մասին համաձայնագիրը»՝ առանց վիզային ռեժիմի հիմքի, որը 2017 թվականից գործում է, և սկսվեցին բանակցություններ «Վրաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի» շուրջ, որի մասն է կազմում «Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը» (DC FTA)։ Վերջինս ստորագրվեց 2014 թվականին, իսկ Ասոցացման պայմանագիրը ուժի մեջ մտավ 2016 թվականին։

ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրի շնորհիվ՝  

  • Ազատ առևտրի ռեժիմի պայմաններում վրացական ապրանքները զրոյական մաքսատուրքով արտահանվում են ԵՄ շուկա,  
  • Աճել է արտահանումը (գինու, ընկույզի, մրգի և այլ ապրանքների),
  • Ներդրողների համար Վրաստանը դարձավ ավելի գրավիչ վայր։

2022 թվականի մարտի 3-ին, ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Վրաստանն Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին դիմեց Եվրոպական միությանը անդամակցության համար։ Նույն թվականի հունիսի 23-ին Եվրախորհրդի որոշմամբ Վրաստանին շնորհվելց եվրոպական հեռանկար։ 

Դիմելուց մեկ տարի և 9 ամիս անց Վրաստանը ստացավ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ։

Ամփոփում

Վրաստանում ԵՄ-ի օգնությունը հիմնականում կենտրոնացած է ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների աջակցման, ենթակառուցվածքների զարգացման, ԵՄ-ի հետ առևտրի խթանման և Վրաստանի եվրոպականացման վրա։ Վերջին 30 տարիների ընթացքում ԵՄ-ի ծրագրերի ընդհանուր արժեքը գերազանցել է 2.5 միլիարդ եվրոն։ 

Գլխավոր ծրագրերից՝ 

  • Էնգուրի հիդրոէլեկտրակայանի վերականգնումը,  
  • Սամտրեդիա-Գրիգոլեթիի մայրուղու կառուցումը,
  • Եվրոպական դպրոցի հիմնադրումը Թբիլիսիում,
  • Գյուղատնտեսության, առողջապահության և կրթության աջակցումը, ներառյալ Erasmus+ ծրագրով ավելի քան 6000 ուսանողների ֆինանսավորումը։

ԵՄ շուկայում տենդերների հասանելիությունն այժմ բաց է նաև վրացական ընկերությունների համար։ 

ԵՄ-ի օգնությունը մեծապես նպաստում է Վրաստանի տնտեսական և ժողովրդավարական զարգացմանը։ Եվրոպական ինտեգրումը նաև նպաստում է ավելի ընդգրկուն սոցիալ-տնտեսական բարեկեցությանը։ 

Հեղինակ՝ Մարիաննա Մանուկյան