
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հայտնում է Վրաստանի կառավարության վարչակազմը։
Հանդիպմանը, որը տեղի է ունեցել վարչապետի Մադրիդ այցի շրջանակներում, հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի եվրոպական հեռանկարի քննարկմանը։
«Վարչապետը նշել է, որ Վրաստանին եվրոպական հեռանկար տալը պատմական որոշում էր։ Սրանով Եվրոպական խորհուրդը և ԵՄ անդամ երկրների ղեկավարները հաստատել են, որ Վրաստանի ապագան ԵՄ-ում է», — նշված է հաղորդագրության մեջ։
Վրաստանի վարչապետը նշել է, որ Վրաստանն ակտիվորեն աշխատելու է թեկնածուի կարգավիճակ ստանալու ուղղությամբ։
Նրա խոսքով՝ երկրի եվրաինտեգրումը ոչ միայն կառավարության, այլև վրաց ժողովրդի ընտրությունն է։ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին՝ Վրաստանի եվրաինտեգրմանն աջակցելու համար։
«Վարչապետը վերահաստատել է Վրաստանի կառավարության և վրաց ժողովրդի համերաշխությունն ու անսասան աջակցությունն Ուկրաինային»,- ասված է հաղորդագրությունում։