Վրաստանի և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Ջուանշեր Բուրճուլաձեն և Ալեքսեյ Ռեզնիկովը Բրյուսելում կհանդիպեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ։ Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 17-ին Հյուսիսատլանտյան խորհրդի ձևաչափով դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպման շրջանակներում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը փետրվարի 15-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է, որ Ուկրաինայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հետ կքննարկի Սևծովյան տարածաշրջանում անվտանգային միջավայրը։ Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կվերահաստատեն իրենց ամուր աջակցությունը երկու երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Այսօր՝ փետրվարի 16-ին, Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ նախարարները հանդիպում են՝ քննարկելու Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում անվտանգության ամենալուրջ ճգնաժամը։ Ստոլտենբերգի խոսքով՝ Ռուսաստանը սառը պատերազմից ի վեր աննախադեպ քանակությամբ ուժեր է կենտրոնացրել Ուկրաինայի սահմանին: