Վրաստանի և Պարագվայի Հանրապետության միջև սկսել է գործել առանց վիզայի ռեժիմը, տեղեկությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ «Պարագվայի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև անձնագրեր ունեցողների համար վիզա ստանալու պարտավորությունից ազատելու մասին համաձայնագիրը» ուժի մեջ է մտել 2023 թվականի փետրվարի 3-ին։
«Նշված համաձայնագրի ուժի մեջ մտնելը ևս մեկ կարևոր քայլ է Վրաստանի և Պարագվայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների խորացման գործում։ Երկու երկրների միջև առանց վիզայի ռեժիմը կնպաստի մարդկանց միջև մշակութային, զբոսաշրջային հարաբերությունների խորացմանը և գործարար կապերի ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։