Վրաստանը Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։
«Դեռ ամռանը մենք հայտարարել էինք, որ ռազմավարական համագործակցության մասին հուշագիր ենք ստորագրելու, մենք, իհարկե, ավանդաբար և պատմականորեն ոչ միայն հարևաններ, այլև ամուր դաշնակիցներ ենք, բարեկամներ: Մենք ունենք լավ գործընկերություն, համագործակցություն բոլոր ուղղություններով: Դե ֆակտո մենք արդեն ռազմավարական գործընկերներ էինք։ Այսօր այս իրավիճակն արդեն ֆորմալացվել է, և մենք պաշտոնապես ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համագործակցության համաձայնագիրը», — իր խոսքում նշել է Վրաստանի վարչապետը:
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ ՀՀ վարչապետի հետ արդյունավետ հանդիպում են ունեցել, քննարկվել է երկու երկրների միջև առկա հարաբերություններին, գործընկերությանն ու բոլոր ուղղություններով համագործակցությանը վերաբերող կարևոր հարցեր:
«Ուզում եմ նաև նշել, որ մենք երախտապարտ ենք մեր հայ գործընկերներին։ Երկու կառավարություններն էլ պատրաստ են ավելի զարգացնելու մեր առևտրատնտեսական հարաբերությունները», — ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Նշենք, որ հունվարի 26-27-ին Թբիլիսիում անցկացվում է Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը, որի շրջանակներում ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Վրաստան: