Վրաց-հայկական դիվանագիտական հարաբերություններն անգամ ամենադրամատիկ պահերին բարձր մակարդակի վրա են եղել։ Այս մասին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին՝ ամփոփելով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին։
Զաքարեիշվիլին որպես օրինակ բերում է 2008 թվականի վրաց-ռուսական պատերազմի ժամանակ Հայաստանի կողմից ցուցաբերված չեզոք դիրքորոշումը՝ չնայած Հայաստանի՝ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններին։
«Ղարաբաղյան պատերազմի ժամանակ էլ, չնայած նրան, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է՝ վրացական կողմը չցուցաբերեց կողմնակալ դիրքորոշում»,- նկատում է Զաքարեիշվիլին։
Հայաստանի և Վրաստանի միջև այս տարի նշվող դիվանագիտական հարաբերությունների 30-րդ հոբելյանական տարեդարձը Զաքարեաշվիլին խորհրդանշական է համարում՝ ընդգծելով, որ երկու երկրները չնայած արտաքին քաղաքական տարբեր ուղղություններին, անցած տարիներին պահպանել ու խորացրել են դրական ու անկեղծ հարաբերությունները։
«Բավականին բարդ տարածաշրջանում, չնայած արտաքին քաղաքական տարբեր կողմնորոշումներին, Հայաստանին և Վրաստանին հաջողվել է բարիդրացիական հարաբերությունները պահպանել»,- հավելում է ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Գիորգի Բիլանիշվիլին։
Բիլանիշվիլին նկատում է, որ կան նաև որոշ խնդիրներ, ինչպես օրինակ երկու երկրների միջև պետական սահմանի սահմանագծման-սահմանազատման գործընթացը, որը, ցավոք, մինչ օրս չի ավարտվել։
Սակայն, ըստ փորձագետի՝ ընդհանուր առմամբ նման խնդիրները չեն ազդում երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների վրա։
Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն էլ նկատում է, որ չնայած աշխարհաքաղաքական նոր իրողություններին, Վրաստանն ու Հայաստանը պահել են հարևանական հարաբերությունները։
Փորձագետի խոսքով, այս հարաբերությունների զարգացումը շարունակվում է.
«Չանայած կարող էր էլ ավել լավ լինել, բայց լավ է, որ վատ հարաբերություններ չեն ձևավորվել»։
Ըստ Վասաձեի՝ վրաց-հայկական ձեռքբերումներում կարևորը աննախադեպ բարիդրացիությունն է։ Ըստ նրա՝ սրանից ավելին չէր կարող լինել։
Կարդացեք նաև՝
Թբիլիսին կարող է որոշիչ դեր ունենալ հայ-ադրբեջանական հարաբերություններում․ կարծիքներ
Նշվեց վրաց-հայկական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակը