«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ` քննարկելու մեր երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը», — այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ըստ նախարարի գրառման, Վրաստանի առողջապահության նախարարը հայտնել է, որ Վրաստանում ախտորոշված պացիենտները երեքն են և վերջին օրերին նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել:
«Նրանք երեքն էլ, մեր պացիենտի նման, իրենց լավ են զգում և չունեն որևէ գանգատ: Ես նույնպես ներկայացրեցի մեր երկրում եղած իրավիճակը և իրականացվող միջոցառումները:
Հաջողություն մաղթելով մեր եղբայրական վրաց ժողովրդին այս իրավիճակը հաղթահարելու գործում, մենք պայմանավորվեցինք այսուհետ ևս պահել օպերատով երկկողմանի կապը թե’ նախարարների և թե’ երկու գերատեսչությունների միջև, որպեսզի մեր գործողությունները լինեն առավելագույնս համահունչ մեկը մյուսին և արդյունավետ», — գրել է Թորոսյանը: