«Միասնության երթով շարժվենք դեպի Վրաստանի խորհրդարան». տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչներ դեկտեմբերի 25-ին երթ կանցկացնեն Թբիլիսիում։
Տեղեկության համաձայն՝ երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից ժամը 19:00-ին և կշարժվի դեպի խորհրդարանի շենք։
Ցուցարարների հիմնական պահանջը քաղբանտարկյալների ազատ արձակումն է, նոր, արդար ընտրությունների նշանակումը և Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացի վերականգնումը։
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունից մի հատված.
«Մենք՝ Վրաստանի քաղաքացիներս՝ վրացի, հայ, քուրդ, քիստ, հրեա, հույն, ուդի, ադրբեջանցի, աբխազ, օս, դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, կհավաքվենք Հանրապետության հրապարակում՝ երթով կշարժվենք դեպի Վրաստանի խորհրդարան։
Մեր համախմբվածությամբ միանում ենք բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու, նոր, արդար ընտրություններ նշանակելու և Վրաստանին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը վերականգնելու հանրային պահանջներին։
Միացե՛ք մեզ: Ուժը Եվրոպայում է, ուժը՝ միասնության մեջ է։
Միասնության երթին կթույլատրվի ծածանել միայն Վրաստանի և Եվրամիության դրոշները»:
Հատկանշական է, որ հիշյալ երթի ծանուցման մեջ շեշտադրվում է միայն Վրաստանի և Եվրամիության դրոշները ծածանելու թույլտվության մասին․ մինչ այդ սոցցանցերում շրջանառվում էր տեղեկություն, որտեղ նշվում էր, որ նախատեսվում է ազգությամբ հայ և ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիների առանձին երթ՝ հարևան երկրների դրոշներով: Վերջինս սակայն քաղհասարակության շատ անդամներ բացասաբար գնահատեցին, ավելի ուշ հայտարարվեց երթի մասին, որին կարող են մասնակցել Վրաստանի բոլոր էթնիկ խմբերը:
Այս հայտարարությանն արձագանքել էր «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը.
«Հարկ ենք համարում անդրադառնալ սոցցանցերում տարածվող նախաձեռնությանը, որը նախատեսում է երկրի երկու խոշոր ազգային փոքրամասնությունների միաժամանակ երթը Թբիլիսիում, ինչը ծառայում է կազմակերպիչների քաղաքական նեղ շահերին՝ փորձելով դա ներկայացնել իբրև փոքրամասնությունների կոնսոլիդացում քաղաքական գործընթացների շուրջ, ինչը շատ վտանգավոր է։
Վրաստանի Հայ Համայնք ՀԿ-ն պաշտոնապես հայտարարում է, որ որևէ կապ չունի այս նախաձեռնության հետ, հակառակը քննադատում է կազմակերպիչների կողմից մեր երկրի քաղաքական գործընթացներում ազգային փոքրամասնություններին առանձնացնելու փորձը՝ կոչ անելով իր բազմաթիվ համակիրներին չդառնալ այս վտանգավոր խաղերի մասնակից», — նշված է հայտարարության մեջ:
Արդեն երեք շաբաթից ավելի է, ինչ Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում բողոքի ցույցեր են անցկացվում։ Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու գործընթացում մարդիկ սկսեցին զանգվածաբար փողոց դուրս գալ այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ը 4 տարով օրակարգից հանեց ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների հարցը։