«Վրաստանի քաղաքացի էթնիկ ադրբեջանցիներն իրավունք կունենան վերադառնալ իրենց պատմական ազգանվանը»: Փոխանցում է Netgazeti.ge-ն՝ հղում անելով Վրաստանի խորհրդարանին:
«Օրինագծի ընդունման արդյունքում կձևավորվի ազգանվան փոփոխության մանրամասն ընթացակարգ, արդյունքում ցանկացողները կկարողանան այդ ծառայությունը ստանալ համապատասխան պետական հիմնարկում»,- տեղեկացրել են խորհրդարանից։
Նախապատմությունը
Վրաստանի էթնիկ ադրբեջանցի քաղաքացիների մի մասը վաղուց է հայտարարել, որ ցանկանում է ազգանուններից հանել ռուսական վերջավորությունները, «քանի որ դա դիտվում է որպես խորհրդային/ռուսական օկուպացիայի անցանկալի վկայություն»:
Վրաստանում ադրբեջանցիների, ինչպես նաև Ադրբեջանում ապրողների ազգանունները հաճախ ավարտվում են ռուսերեն -ով , -և վերջածանցով: Սակայն նշվում է՝ «պատմական» ազգանվան վերջավորությունն այլ է, օրինակ.
- Խալիլով — Խալիլլի
- Մամեդով — Մամեդլի
- Իսմայիլովա — Իսմայիլ
- Ալիև — Ալիսոյ
- Գուլմամեդովա — Գուլմամեդլի և այլն:
Վրաստանում այս գաղափարի հետ կապված արշավը, որը կոչվում է «Վերադարձրու ազգանունս», մեկնարկել է 2020 թվականի սկզբին «Սալամ» քաղաքացիական հարթակի կողմից։
2021 թվականի ամռանը «Սալամը» նախաձեռնեց ստորագրահավաքի համազգային արշավ` օրենքով պահանջվող ստորագրությունների քանակով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար:
Էթնիկ ադրբեջանցի քաղաքացիների նախաձեռնող խումբն օրինագիծը ներկայացրել է խորհրդարան հուլիսին, իսկ սեպտեմբերի 27-ին օրենսդիր մարմնում գրանցվել է 26 հազար 298 ստորագրություն։
Կարդացեք նաև՝
Խորհրդարանը մերժել է գրանցել ադրբեջանական ազգանունները փոխելու նախագիծը
Վերադարձրու ազգս. ադրբեջանական ազգանունների ռուսական վերջավորության դեմ արշավ