Վրաստանում գրանցված ընկերությունների համար բացվել է ԵՄ պետական գնումների շուկան, ինչը նշանակում է, որ վրացական ընկերությունները կկարողանան մասնակցել ԵՄ անդամ երկրների հայտարարած էլեկտրոնային մրցույթներին։
Հատկանշական է, որ պետական գնումներին մասնակցելու հարցն ամրագրված էր Վրաստան-Եվրամիություն առևտրային պայմանագրերով, սակայն մինչ այժմ երկրի իրավունքները սահմանափակ էին էլեկտրոնային մրցույթներին մասնակցության դեպքում։
Այս հնարավորության մասին հայտնի է դարձել 2022 թ. հուլիսի 22-ին, Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի որոշումը հրապարակվել է Եվրամիության պաշտոնական ամսագրում։
«Այսուհետ Վրաստանում գրանցված ցանկացած ընկերություն իրավունք կունենա մասնակցելու Եվրամիության 27 անդամ երկրների կենտրոնական իշխանությունների հայտարարած էլեկտրոնային մրցույթներին և մրցելու շուկայում այլ մատակարարների հետ», — գրված է Վրաստանի պետական գնումների գործակալության հայտարարության մեջ։
Նշենք, որ շուրջ 250,000 կազմակերպություններ (կառավարություններ, նախարարություններ, գերատեսչություններ և ընկերություններ) տարեկան գնում են մոտ 2 տրլն եվրոյի ապրանքներ ԵՄ ողջ տարածքում: Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ամենամեծ գնորդներից են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդեռլանդները և Իսպանիան։