Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը Թբիլիսիի քաղաքապետարանին պաշտոնական նամակով է դիմել փետրվարի 4-ին խորհրդարանի շենքի դիմաց ակցիա անցկացնելու համար:
Կուսակցության անդամ Իրակլի Կիկնավելիձեն լրագրողներին փոխանցել է, որ նամակով քաղաքապետարանին տեղեկացնում են նախատեսված բողոքի մասին:
«Փետրվարի 4-ին կշարունակվի այն բողոքը, որը սկսվեց Բիձինա Իվանիշվիլիի ամոթալի որոշումից հետո, երբ նա չկատարեց իր խոստումը համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ: Փետրվարի 4-ին բոլոր այն ընդդիմադիր կուսակցությունները և քաղաքացիական շարժումները, որոնք ակտիվորեն մասնակցում էին բողոքի ակցիաներին՝ կրկին վերադառնում ենք այդ գործընթացին»,- հայտարարել է պատգամավորը:
Նրա խոսքով, կարվի ամեն ինչ, որպեսզի անհարմարություն ստեղծվի իշխանության ներկայացուցիչների համար։ «Իշխանության ամոթալի ներկայացուցիչներին սպասվում է մեծ անհարմարությունների միջով անցնել», — հայտարարել է Կիկնավելիձեն:
Նշենք՝ փետրվարի 4-ին մեկնարկում է Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը: