Վրաստանի քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները պատրաստվում են շարունակել ակցիաները և կրկին նախատեսում են արգելափակել խորհրդարանի մուտքերը:
«Ինչ ուզում են անեն, ջրցան մեքենա կիրառեն, թե այլ կերպ գործեն: Մեր բողոքը շարունակվում է և կշարունակվի մինչև վերջ: Միթե սա երկրի կառավարում է, երբ աշխատանքի գնալու համար հարկավոր է լինում ոստիկանության պետերի, հատուկ ստորաբաժանումների օգտագործում ընդամենը 20 մետր ճանապարհը մաքրելու համար: Մենք հետ չենք կանգնելու, պայքարում ենք ընտրությունների համար, որոնք գողացել է Բիձինա Իվանիշվիլին», — հայտարարել է ընդդիմադիր պատգամավորներից Էլենե Խոշտարիան:
Հատկանշական է, որ այսօր ժամը 12:00-ին նախատեսվում է խորհրդարանում լիագումար նիստ անցկացնել: Ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել են նիստը: Այս պահին գրեթե բոլոր պատգամավորները խորհրդարանի շենքի մոտ են և չեն պատրաստվում այսօր մտնել խորհրդարան:
Հիշեցնենք, նոյեմբերի 26-ի լուսաբացին ոստիկանական ուժերը հատուկ ուժ կիրառելով ցրեցին խորհրդարանի մուտքերն արգելափակած ցուցարարներին: