Վրաստանում այցով գտնվող Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը Վրաստանին կխոչընդոտի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին։ Նրա խոսքով դեռ ուշ չէ սխալն ուղղել․ Վրաստանի «ձեռքբերումները կարող են ոչնչացվել մեկ հարվածով»։
Լանդբերգիսն իր իսլանդացի, լատվիացի, էստոնացի գործընկերների՝ նախագահ Զուրաբիշվիլիի հետ մայիսի 15-ին կայացած մամուլի ասուլիսում նաև նշել է․
«Մենք Վրաստան ենք եկել որպես ձեր ամենամոտ ընկերները, որպես մարդիկ, ովքեր մտածում են ձեր մասին և անհանգստանում ձեր եվրոպական ապագայի համար»:
Նրա խոսքով, Վրաստանը վերջերս հայտնվել է նորությունների կիզակետում, քանի որ իշխանությունները հետ են բերել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության օրենքը», բռնություն գործադրել ցուցարարների, ակտիվիստների և հասարակական կազմակերպությունների նկատմամբ: